Գերմանիայի դաշնային խորհրդարանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը' ապրիլի 24-ին մեկ ժամ տևողությամբ նիստ կգումարվի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle պարբերականի թուրքական ծառայությունը' նշելով, որ տարելիցի օրվա մոտենալուն զուգահեռ խորհրդարանում ավելի են ակտիվա ցել քննարկումները «ցեղասպանություն» եզրույթի կիրառման վերբերյալ:

 

Ապրիլի 24-ի նիստում նախատեսվում է քվեարկության ներկայացնել մի բանաձև, որի պատրաստման համար ստեղծվել է չորս կուսակցության ներկայացուցիչներից բազկացած ոչ պաշտոնական աշխատանքային խումբ:

 

Գերմանական Tagesspiegel պարբերականը գրում է, որ տարաձայնություններ են ի հայտ եկել ընդդիմադիր և իշխանական ուժերի միջև' կապված «ցեղասպանություն» եզրույթը կիրառելու հարցի հետ: Այն դեպքում, երբ ձախակողմյաններն ու Կանաչների կուսակցության ներկայացուցիչները կողմ են արտահայտվում կատարվածը «ցեղասպանություն» կոչելուն, կառավարությունն ու կոալիցիոն ուժերը այդ գաղափարին դրական չեն վերաբերվում:

 

Նույն լրատվականի տեղեկացմամբ' նախորդ շաբաթվա վերջին իշխանական Քրիստոնեա-դեմոկրատական միությունը Սոցիալ-դեմոկրատականների հետ միասին ներկայացրել էր մի բանաձև, որի վերնագրում տեղ էր գտել «ցեղասպանություն» եզրույթը, սակայն երկրի արտգործնախարարությունը կարգադրել էր այն հանել: Ըստ գերմանական Tagesspiegel-ի' Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության կայացրած որոշումը պայմանավորված է նախ այն հանգամանքով, որ ամռանը Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ են նախատեսված, իսկ նման բանաձևը կարող է դիտվել որպես թուրքական պետության դեմ ուղղված քայլ: Բացի այդ, Գերմանիան ցանկանում է «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության դեմ պայքարում Թուրքիային ունենալ որպես դաշնակից: