Հայաստանում աշխատանք փնտրողների թիվը ընթացիկ տարվա մարտի 1-ի դրությամբ կազմում է 76.4 հազար մարդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' այս են վկայում Զբաղվածության պետական գործակալության տվյալները: Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 91.2 տոկոսը կամ 69.7 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 21.2 տոկոսով' 57.5 հազար մարդով:

 

 

Շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի 71 տոկոսը կամ 49.5 հազար մարդ, երիտասարդների թվաքանակը կազմում է գործազուրկների 24 տոկոսը կամ 16.7 հազար մարդ, իսկ հաշմանդամություն ունեցող անձիք 3.1 տոկոսը կամ 2.1 հազար մարդ: Գործազուրկների թվաքանակում աշխատաշուկայում անմրցունակ անձանց թվաքանակը կազմում է 58.3 հազար անձ կամ 83.6 տոկոս:

 

 

Ըստ տարիքի' գործազուրկների թվում 16-29 տարեկանները կազմում են 24 տոկոս, 30-44 տարեկանները' 39 տոկոս, 45-50 տարեկանները' 21.5 տոկոս, 55-ից բարձր տարիքի անձիք' 15.5 տոկոս: 2015 թվականի հունվար-փետրվար ամիսներին աշխատանքի է տեղավորվել 1399 աշխատանք փնտրող անձ, որից 914-ը' կին են, 1168-ը' աշխատաշուկայում անմրցունակ անձիք: Փետրվարի ընթացքում գործակալություն է ներկայացվել 2 հազար 79 թափուր աշխատատեղ:

 

 

Աշխատաշուկայում պահանջարկված են հիմնականում բարձրագույն կրթություն ունեցող բժիշկները, տնտեսագետները, ծրագրավորողները, ճարտարագետները, հաշվապահները, դասավանդողները, դաստիարակները, մենեջերները, գործակալները: Միջին մասնագիտական' բուժքույրերը, դիզայներները, վաճառողները, մատուցողները, խոհարարները, հացթուխները, վարսահարդարները, համակագչային օպերատորները, ավտովերանորոգողները, էլեկտրիկները, կաշկագործները և այլն: