ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան խստիվ դատապարտել է Քենիայի համալսարանի վրա կատարված հարձակումը եւ ցավակցություն է հայտնել զոհված ուսանողների ընտանիքներին ու մերձավորներին եւ այդ երկրի իշխանություններին: Նրա խոսքով՝ այդ ահաբեկչական գործողության կազմակերպիչներն ու կատարողները պետք է պատասխան տան իրենց արածի համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

«Բարձրագույն ուսումնական հաստատության վրա կատարված այդ դաժան հարձակումը կանխամտածված գրոհ է երկրի ապագայի դեմ: Սպառնալիքի տակ է հայտնվել ուսումնառությունը, ազատախոհությունը եւ աշխարհը ճանաչելու ձգտումը»,- Բոկովայի խոսքը մեջբերված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հաղորդագրության մեջ:

 

Քենիայի հյուսիս-արեւելքի Գարիսա քաղաքի համալսարանական քոլեջի վրա «Աշ-Շաբաբ» իսլամսիտական խմբավորման զինյալների հարձակման զոհ է դարձել 147 մարդ:

 

Ուսանողներին պատանդառած բոլոր չորս հարձակվողներն սպանված են:

 

Ինչպես հայտնել է Քենիայի ներքին գործերի նախարար Ջոզեֆ Նկաիսերին, հարձակման ընթացքում սպանվել է 147, վիրավորվել՝ 79 մարդ:

 

Զինյալների դեմ գործողությունն ավարտված է: Նկարիսերիի խոսքով՝ հաջողվել է փրկել շուրջ 500 մարդու:

 

Ընդամենը քոլեջում սովորում էր 815 ուսանող:

 

«Ալ Քաիդա»-ի հետ կապված «Աշ-Շաբաբ» ջիհադական շարժման զինյալները հայտարարել են, որ պատանդ կպահեն քրիստոնյա ուսանողներին, իսկ մուսուլմաններին ազատ կարձակեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: