ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան դատապարտել է Ադրբեջանում լրագրող Ռասիմ Ալիևի սպանությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակից, Բոկովան հորդորել է Ադրբեջանի իշխանություններին պատասխանատվության ենթարկել բո լոր այն անձանց, ովքեր մեղավոր են ադրբեջանցի 30-ամյա լրագրողի սպանության մեջ: «Դա անհրաժեշտ է լրատվության ճիշտ կարգի և ազատության համար: Չի կարելի թույլ տալ, որ լրագրողների դեմ հանցագործություններն անպատիժ մնան»,- նշել է նա:

 

Օգոստոսի 8-ին ժամը 18-ին Բաքվի Բաիլովի շրջանում «Բաքու մարկետ» խանութի դիմաց անհայտ անձինք դաժանորեն ծեծի են ենթարկել լրագրող Ռասիմ Ալիեւին այն բանի համար, որ նա Facebook-ի իր էջում քննադատել է «Գաբալա»-ի հանդիպումներից մեկում մրցակից թիմի խաղացողների նկատմամբ ֆուտբոլիստ Ջավիդ Հուսեյնովի ագրեսիվ եւ ոչ վայել պահվածքը: Ծեծի ենթարկողները, որոնք եղել են Ջավիդ Հուսեյնովի մերձավորներն ու հարազատները, լրագրողին բազմաթիվ մարմնական ծանր վնասվածքներ են պատճառել: Լրագրողը տարվել է Բաքվի կլինիկական բժշկական կենտրոն, սակայն, օգոստոսի 9-ին ժամը 5-ին Ռասիմ Ալիեւը, ստացած վնասվածքներից գիտակցության չգալով, մահացել է: