Սիրիայի արտաքին գործերի և սփյուռքի նախարարությունը դատապարտել է «Իսլամական պետության» կողմից հորդանանցի օդաչու Մուազ ալ Կասասբայի ողջակիզման արարքը և ցավակցել է օդաչուի ընտանիքին և բարեկամ հորդանանցի ժողովրդին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, նախարարությունը Հորդանանի իշխանություններին կոչ է արել համագործակցել ահաբեկչության, մասնավորապես, ԻՊ-ի և «Ջաբհա ան Նուսրա» կազմակերպությունների դեմ պայքարում:
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը նույնպես դատապարտել է օդաչուի սպանությունը՝ հայտարարելով, որ անհրաժեշտ է մեղավորներին պատասխանատվության ենթարկել: Անվտանգության խորհրդի հայտարարության մեջ նաև նշվել է, որ հորդանանցի օդաչուի սպանությունը ևս մեկ անգամ ապացուցում է ԻՊ-ի դաժանությունը, որը պատասխանատու է հազարավոր հանցագործությունների համար: Նա միջազգային հանրությանը կոչ է արել համագործակցել հորդանանյան իշխանությունների հետ՝ ահաբեկչության դեմ պայքարում:
Ճապոնիան իր հերթին դատապարտել է հրեշավոր արարքը:
Հորդանանի թագավոր Աբդալլահ 2-րդն իր խորին ցավակցություններն է հայտնել հորդանանցիներին՝ նշելով, որ սա բոլոր հորդանանցիների վիշտն է, և կոչ է արել միասնական լինել այդ դժվարին պահին: Նա ահաբեկչական կազմակերպությունն անվանել է «վախկոտ կազմակերպություն»:
ԻՊ-ն փետրվարի 3-ին համացանցում տեղադրել էր հորդանանցի օդաչուի սպանության տեսանյութը: Մուազ Յուսեֆ ալ Կասասբան գերի էր ընկել ահաբեկիչների մոտ դեկտեմբերի 24-ին, երբ ահաբեկիչները Ռակկայում խոցել էին Հորդանանին պատկանող ինքնաթիռը: Օդաչուին ողջայկիզել էին: Մուազ Յուսեֆ ալ Կասասբան առաջին օդաչուն էր, որ գերի էր ընկել ահաբեկիչների մոտ: Դեկտեմբերի 30-ին Հորդանանը դադարեցրել էր ԻՊ-ի դեմ միջազգային կոալիցիայի հետ ռազմական գործողություններին մասնակցությունը: