Սիրիայի արտաքին գործերի և սփյուռքի նախարարությունը նամակներ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի ղեկավարին Հալեպ քաղաքում ահաբեկչական կազմակերպություների հանցագործությունների մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական «ՍԱՆԱ» գործակալությունը, նամակներում նշվել է, որ ապրիլի 11-ին ահաբեկչական խմբավորումները մեծ թվով ռումբեր են արձակել Հալեպի Սումեյմանիե, Շեյհան, Սալահ ադ Դին բնակելի թաղամասերի ուղղությամբ, որոնց հետևանքով 19 խաղաղ բնակիչներ են զոհվել, այդ թվում՝ հինգ երեխաներ, ինը կանայք, վիրավորվել է ավելի քան 90 մարդ, որոնց թվում՝ կանայք ու երեխաներ: Բացի մարդկային կորուստներից, հսկայական չափով նյութական վնասներ են կրել բնակելի շինություններ, հասարակական և մասնավոր սեփականություններ:

 

Նախարարության նամակների մեջ նաև նշվել է, որ ահաբեկիչների նմանատիպ գործողությունները կշարունակվեն, եթե շարունակվի աջակցությունն «Իսլամական պետությանը», Ազատ բանակին, «Ջեյշ ալ Իսլամ», «Ջաբհա ալ Իսլամիա», «Ջաբհա ան Նուսրա», «Լիուա աթ Թաուհիդ», «Լիուա ալ Ֆաթհ», «Հարաքա Ահրար աշ Շամ ալ Իսլամի», «Ջաբհա ալ Անսար» և այլ ահաբեկչական խմբավորումներին, որոնց թվում 90 երկրների ապստամբներ կան:

 

Սիրիայի Արաբական Հանրապետությունը կրկին կոչ է արել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին և Գլխավոր քարտուղարին դատապարտել ահաբեկչական գործողությունները, քայլեր ձեռնարկել դադարեցնելու ահաբեկչական խմբավորումների աջակցությունը, մասնավորապես, Թուրքիայի, Կատարի, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, Ֆրանսիայի և արևմտյան որոշ երկրների կողմից:

 

Հայաշատ Հալեպը 2012թ. ամռանից հայտնվել է կառավարական ուժերի և զինված խմբավորումների բախումների թիրախում, և մինչ այսօր դրանք այնտեղ չեն դադարում: ՄԱԿ-ի տվյալներով' Սիրիայում մոտ 4 տարի շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը անցել է 220 հազարից: Զոհված հայերի թիվը գերազանցել է 100-ը: