Սիրիան խստորեն դատապարտել է Լիբիայում եգիպտացի քրիստոնյաների սպանությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Սիրիայի արտաքին գործերի և սփյուռքի նախարարության հայտարարության մեջ նշվել է, որ սա խմբավորման հանցավոր գործունեո ւթյան նոր ապացույցն է, ինչը վտանգ է ներկայացնում տարածաշրջանի և աշխարհի երկրների ժողովուրդների ապագայի, ճակատագրի և անվտանգության համար: Հայտարարության մեջ կոչ է ուղղվել բոլոր երկրներին' համագործակցել Սիրիայի և Եգիպտոսի հետ ահաբեկչության դեմ պայքարում և իրականացնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշումներն' ահաբեկիչների ֆինասավորումը և զինումը դադարեցնելու վերաբերյալ:
Լիբիայում կատարված ահասարսուռ դեպքը դատապարտել է Մարոկոն, Կիպրոսը, Լիբանանը, Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ը և այլ երկրներ:
Հռոմի Պապն իր հերթին խորին ցավակցություն է հայտնել տեղի ունեցածի համար:
Եգիպտոսի Նախագահ Աբդ ալ Ֆաթթահ աս Սիսին հայտարարել է, որ Եգիպտոսն իրավունք է վերապահում իրեն արձագանքել Լիբիայում իր քաղաքացիների սպանությանը: Նա 7-օրյա սուգ է հայտարարել:
Ավելի վաղ ԻՊ-ը համացանցում տարածել էր Լիբիայում 21 եգիպտացի քրիստոնյաների սպանության տեսանյութը: