Ռուս զինվորականները, զենքի բոլոր տեսակներից մարտական հրաձգությամբ, վարժանքներ են անցկացրել Հայաստանում, որոնց մասնակցել են ՄԻ-24 ուղղաթիռներ, ՄիԳ-29 կործանիչներ եւ հակաօդային պաշտպանության միջոցներ: Այդ մասին ապրիլի 3-ին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում:
Վարժանքներում ներգրավվել են 600 զինծառայողներ եւ շուրջ 150 միավոր ռազմական տեխնիկա: Հիմնական գործողությունները ծավալվել են ծովի մակերեւույթից ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա՝ «Ալագյազ» ուսումնավարժական համալիրում:
«Մի-24 մարտական ուղղաթիռների, ՄիԳ-29 կործանիչների, ՀՕՊ-ի «Ստրելա-10» զենիթահրթիռային համալիրների, «Իգլա» համալիրների եւ հրետանու կրակային աջակցությամբ խաղարկվել Է վարժանքների եզրափակիչ փուլի սցենարը՝ զենքի բոլոր տեսակներից մարտական հրաձգությամբ: Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանի ստորաբաժանումները պաշտպանել են իրենց դիրքերը ճակատային գծում, իսկ այնուհետեւ, անցնելով հակահարձակման, չեզոքացրել են պայմանական հակառակորդին»,-ասված Է հաղորդագրության մեջ: