Թուրքիայի տարածքում Twitter սոցիալական ցանցի հասանելիությունը վերականգնվել է:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Այն բանից հետո, ինչ համացանցի հասանելիությունն ապահովողների միության գլխավոր քարտուղար Բյուլենթ Քենթը հայտարարել էր Twitter-ի վերականգնման մասին, մի քանի ժամ անց երկրի տարածքում հնարավոր էր եղել մուտք գործել սոցիալական ցանց:
Ապրիլի 6-ին հայտնի դարձավ, որ թուրքական դատախազությունը որոշում է կայացրել երկրի տարածքում արգելափակել Twitter և Facebook սոցիալական ցանցերի, ինչպես նաև YouTube տեսահոսթինգի հասանելիրությունը: Դատարանը որոշումը պայմանավորել է Ստամբուլի Չաղլայան արդարադատության պալատում դատախազ Մեհմեթ Սելիմի պատանդառության լուսանկարների տարածումը համացանացով կանխելու հիմնավորմամբ:
Թուրքական ձախ արմատական խմբավորումը ապրիլի 1-ին պատանդ էր վերցրել 2013 թվականին Ստամբուլում փողոցային բողոքի ակցիաներում 15-ամյա անչափահաս Բերքին Էլվանի զոհվելու աղմկահարույց գործը քննած դատախազ Մեհմեթ Սելիմ Քիրազին: Խմբավորման անդամների պահանջը մեկն էր՝ բացահայտել Էլվանին սպանած ոստիկանին և համապատասխան պատիժ նշանակել: Շուրջ 9 ժամ տևած պատանդառության ընթացքում ոստ իկանության հետ բանակցությունները դրական արդյունք չէին տվել. թուրքական իրավապահ մարմինները իրականացրել էին հատուկ գործողություն, որի հետևանքով սպանվել էին ծայրահեղական խմբավորման ներկայացուցիչները, իսկ դատախազը երեք տեղից ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ նրա կյանքը փրկել չէր հաջողվել: