Վարշավայի Մարիա Մագդալինայի Մայր տաճարում Վարշավայի և Համայն Լեհաստանի Ուղղափառ եկեղեցու Պատրիարք, Մետրոպոլիտ Սավայի հանդիսապետությամբ ապրիլի 4-ին մատուցվել է Սուրբ պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Պատարագին ներկա են եղել Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, դեսպաններ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ:

 

Պատարագի ընթացքում Վարշավայի և Համայն Լեհաստանի Ուղղափառ եկեղեցու Պատրիարք, Մետրոպոլիտ Սավան իր աղոթքում վկայակոչելով 100 տարի առաջ զոհ գնացած միլիոնավոր հայերին, դիմելով դեսպան Ղազարյանին' խնդրել է իր և Ուղղափառ եկեղեցու զորակցությունը փոխանցել հայ ժողովրդին:

 

Հոգևոր առաջնորդը հիշատակել է 2015թ. մարտի 17-ին կայացած Լեհաստանի Ուղղափառ եկեղեցու Եպիսկոպոսական ընդհանուր ժողովի որոշումը, ըստ որի 2015թ. ապրիլի 23-ին' Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասաման ծեսի ավարտից հետո, Երևանի ժամանակով 19:15-ին, (Վարշավայի ժամանակով' 17:15-ին) Լեհաստանի տարածքում գտնվող բոլոր Ուղղափառ եկեղեցիներում կղողանջեն զանգերը: