Նիդերլանդների Արնեմ քաղաքում ապրիլի 11-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառում, որը կազմակերպել են Գերդերլանդի հայ կանանց միությունը, Արնեմի հայ երիտասարդների միությունը և Արնեմի Հայ առաքելական եկեղեցին' Նիդերլանդներում ՀՀ դեսպանության աջակցությամբ: Կազմակերպիչների անունից ելույթ են ունեցել Մանուշակ Օհանեսյանը, Մինաս Արսենյանը և Ալիս Թովմասյանը:

 

Միջոցառման մասնակիցներին իր խոսքն է ուղղել Նիդրելանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, ով կոչ է արել համախմբման ու համբերատարության: Դեսպանը, մասնավորապես, նշել է. «Մենք պահանջ ունենք' արդարության պահանջ, որը մեր համախումբ ջանքերն է պահանջելու, մեր համառությունն ու համբերատարությունն է պահանջելու' մեր անհողդողդ պայքարն առաջ տանելու, որպեսզի վերջ դրվի անպատժելիությանը, ինչը շարունակվում է սնվել մերժողական գաղափարներով, քաղաքական նպատակահարմարությամբ, բացառապես տնտեսական ու ռազմավարական շահերով առաջնորդվող աշխանություններով, որոնք, իրենց մարդու իրավունքների պաշտպանության ջատագովներ հայտարարելով հանդերձ, քաղաքական քաջությունը չունեն' հանցագործությունն իր անունով կոչելու, այն լիովին դատապարտելու, մի հանգամանք, որը խանգարում է ցեղասպանության կանխարգելման միջազգային հանձնառությունը լիարժեքորեն իրականացնելու»:

 

Ոգեկոչման միջոցառմանը կատարվել է հոգեհանգստյան կարգ: Մասնակիցները 100 մոմ են վառել' ի նշան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի: Ներկայացվել են հատվածներ 1983-1985թթ. Նիդերլանդների հանրային հեռուստատեսությամբ ցուցադրված «Բաբելոնի աշտարակ» հաղորդաշարից, որը նվիրված է եղել Հայոց ցեղասպանությանը: Երաժշտական համարներ են կատարվել «Նավասարդ» երգչախմբի կողմից, Հայոց ցեղասպանությանը նվիրված ստեղծագործությունների արտասանությամբ հանդես են եկել «Նոր այգ» կիրակնօրյա դպրոցի սաները: