Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հունիսի 24-ին՝ ժամը 19.00-ին, Արարատյան Հայրապետական Թեմի (ԱՀԹ) առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ տեղի կունենա հսկման ժամերգություն: Ավարտին կկատավի հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Մեծ եղեռնի զոհերի:

 

Ժամերգությանը մասնակցելու են ԱՀԹ քահանայից դասը և բոլոր եկեղեցիների համայնքների անդամները:

 

Սա «100-ամյակին ընդառաջ» ծրագրի երկրորդ միջոցառումն է, որը նախաձեռնել են ԱՀԹ Երիտասարդական միությունները' Տ. Նավասարդ Սրբազան հոր օրհնությամբ:

 

Ծրագրի շրջանակներում մեկ տարի շարունակ ԱՀԹ երիտասարդները, ԱՀԹ երիտասարդական կառույցների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ, ամեն ամսվա 24-ին կազմակերպելու են միջոցառումներ՝ բանախոսություններ, քննարկումներ, ուխտագնացություններ և այլն:

 

Նախաձեռնության նպատակն է ամբողջ տարվա ընթացքում 100-ամյա տարելիցի շեմին արթուն պահել Մեծ եղեռնի զոհերի հիշատակը և ոգեկոչման աղոթք առաքել առ Աստված:

 

Առաջին միջոցառումը կազմակերպվել էր մայիսի 24-ին՝ ականատեսի նամակների ու լուսանկարների հիման վրա ստեղծված «Արմին Վեգներ» Ֆիլմի ցուցադրությամբ (հեղինակ՝ Տիգրան Խզմալյան):

 

Ֆիլմի դիտումից հետո երիտասարդները կազմակերպել էին քննարկում՝ «Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը ինչ-որ բան կփոխի. այո՞, թե՞ ոչ» թեմայով: ԱՀԹ երիտասարդաց միությունների անդամներից կազված թիմն, իր տեսակետն ու տեսլականը պաշտպանելով, բանավիճում էր «Միասին» ՀԿ-ի թիմի հետ: Կողմերից յուրաքանչյուրը փորձում էր փաստերով ու եզրահանգումներով ապացուցել իր տեսակետը: ԱՀԹ երիտասարդների պնդմամբ' Թուրքիան չի կարողանա խուսափել ընդունումից և դա կհանգեցնի փոխհատուցման: Իսկ ընդդիմադիր կողմի կարծիքով' ընդունումը որևէ կերպ չի ազդի աշխարհաքաղաքականության վրա, քանի որ գերտերությունները մինչև հիմա ճնշում չեն գործադրում Թուրքիայի վրա, և այն մինչ այժմ զիջումների չի գնացել: Ծրագրի հաջորդ հանգրվանը տեղի կունենա հուլիսի 24-ին: