Պրահայի Սուրբ Եղիայի եկեղեցում (Հուսովա 8, Պրահա 1) Հունվարի 20-ին ժամը 17:30-ին Չեխիայի, Սլովակիայի և Հունգարիայի հայ համայնքների հոգևոր հովիվ Բարսեղ Փիլավչյանը կկատարի ժամերգություն՝ հարգելու համար Գյումրիում դաժանորեն սպանված Ավետիսյանների ընտանիքի հիշատակը:
Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Չեխիայում հրատարակվող «Օրեր» ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանի Facebook-յան էջից: Հակոբ Ասատրյանը նաեւ տեղելացրել է, որ Չեխիայում Հայաստանի դեսպանությունը հորդորում է բոլոր չեխահայերին մասնակցել սգո և հիշատակի միջոցառմանը:
Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 20-ին' ժամը 18:00-ին Սբ Նշան եկեղեցում, իսկ հուղարկավորությունը հունվարի 21-ին' ժամը 13:00-ին: Աճյունը կամփոփվի հարազատների կողքին' «Շիրակ» գերեզմանատանը:
Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն: Երեխայի առողջական վիճակը հունվարի 19-ին վատացել էր: Խորացել էր երիկամային և սրտանոթային անբավարարությունը: Սերյոժա Ավետիսյանի կյանքը փրկել չհաջողվեց: Հունվարի 19-ին, ժամը 17:02-ին երեխայի մոտ արձանագրվեց կենսաբանական մահ: Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության եւ փոքրիկ Սերյոժային բազմաթիվ վնասվածքներ հասցնելու գործով մեղադրյալը Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմական բազայի զինծառայող Վալերի Պերմյակովն է: