Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակի Արբ. Մարիանէ եկեղեցու բակում հունվարի 19-ին տեղի է ունեցել մոմավառություն' ի հիշատակ Գյումրիում ռուս զինվորի կողմից դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի: Արագածոտնի թեմի առաջնորդ Տ. Մկրտիչ եպս. Պռոշյանը կատարել է սպանդի ենթարկված ընտանիքի անդամների մահվան յոթերորդ օրվա հոգեհանգստյան արարողություն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արագածոտնի մարզպետարանի լրատվական ծառայությունից, արձագանքելով Գյումրիում կատարված ահասարսուռ ոճրագործությանը, հարյուրավոր մասնակիցներ իրենց սրտի ձայնն են միացրել բազմահազար այն աղոթքներին, որոնք ուղղվում են առ աստված' դաժանաբար սպանված ընտանիքի անդամների հոգիների հանգստության համար:
Եղերական ոճրագործությունը խստորեն դատապարտել եւ Ավետիսյանների ընտանիքի հարազատներին, բոլոր գյումրեցիներին իրենց զորակցությունն են հայտնել մարզպետ Սարգիս Սահակյանը, արարողության բոլոր մասնակիցները: