Ռումինիայի Հայոց թեմի Պիտեշտ քաղաքում հունվարի 22-ին տոնվեց Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու տոնը, ինչի առիթով մատուցվեց Սուրբ պատարագ: Սբ. պատարագը մատուցեց Ռումինիայի թեմի բարեխնամ առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը: Ուխտի պատարագին իրենց մասնակցություն էին բերել նաև Բուխարեստ և Կոստանցիա քաղաքների հայ հավատացյալները: Ներկա էին նաև Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Համլետ Գասպարյանը, ինչպես նաև Պիտեշտ քաղաքի փոխքաղաքապետ Կոռնել Կոստանտին Իոնիկը:

 

Օրը նշնակալից էր Պիտեշտի հայ համայնքի համար, քանզի Պիտեշտի հայ համայնքը նշում էր եկեղեցու հիմնադրման 162-ամյակը: Եկեղեցին երկար դադարից հետո այժմ գործում է բնականոն ընթացքով, ամեն կիրակի մատուցվում է Սբ. պատարագ, համախմբվել և հարատև ընթացքի մեջ է դրվել նաև համայնքային կյանքը:

 

Պիտեշտի հայ համայնքը մասնակցում և իր աջակցությունն է բերում թեմի տարբեր միջոցառումներին: Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի ջանքերով, Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Հեթում քահանա Թարվերդյանի և ծխակա ն խորհուրդի աշխատանքների շնորհիվ, եկեղեցին այս տարի իր վերանորոգման աշխատանքները կսկսի կատարել Ռումեն պետության նյութական ջանքերի շնորհիվ:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ' Ս. Պատարագի ավարտին Սրբազան Հայրը հոգեհանգստյան կարգ կատարեց Սերոժյա Ավետիսյանի, ինչպես նաև Ավետիսյան գերդաստանի անդամների հոգու հանգստության համար, ովքեր օրեր առաջ սպանվեցին Գյումրիում ռուս զինծառայողի կողմից: Սրբազան Հայրն իր խոսքում նշեց, որ կատարվածը անբացատրելի և անհասկանալի է, գործվել է Տիրոջ նկատմամբ մեծագույն մեղք, և ցավը համազգային է, քանզի բոլորը ցավակից են, բոլորը կարեկից են: Եվ դժվարին պահին մնում է միայն, որ Աստված լուսավորի նրանց հոգիները և Սբ. Հոգու մխիթարանքը իջնի Ավետիսյան ընտանիքի հարազատների վրա: