Պերիստերիի Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվել է հոգեհանգստյան պատարագ' ի հիշատակ հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած սարսափելի ոճրագործության զոհ դարձած Ավետիսյան ընտանիքի հոգիների խաղաղության:
Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին Հունահայոց թեմի մամուլի դիվանից, հոգեհանգստյան կարգը հանդիսապետել է Հունահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տ. Խորեն աբղ. Առաքելյանը, իսկ պատարագիչն էր հոգեշնորհ Տ. Դերենիկ աբղ. Սահակյանը:
«Եկեղեցում հոծ բազմություն կար, հավատավոր հայորդիները եկել էին վշտակից լինելու և աղոթելու անմեղ զոհերի հոգիների հանգստության և խաղաղության համար: Հունահայոց թեմի առաջնորդական տեղապահը հոգեշունչ քարոզ խոսեց, դիմեց հավատավոր ժողովրդին, մասնավորապես, ասելով, որ աղոթեն անմեղ զոհերի հոգիների հանգստության համար, չընկճվեն և չընկրկեն չարի լարած որոգայթներից, որ այլ և այլ ձևերով պատուհասում է հայ ժողովրդին, այլ ավելի ամուր լինեն, դիմակայելու վշտին և որպես քրիստոնյաներ կարողանան մխիթարությունը գտնեն՝ առավել չափով աղոթելով, որպեսզի չարի ձեռքերը երբևէ չհասնի մեր ժողորդին և մեր հայրենիքին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուս ական բազայի հրամանատարությանը: Պերմյակովը խոստովանել է մեղքը:
Հունվարի 19-ին մեկ շաբաթ կյանքի եւ մահվան պայքար տալուց հետո ժամը 17:02-ին մահացել է նաեւ վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը: