ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ խմբակցության պատգամավորներ, ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոանիս Տաիսը, հոգևոր դասի և Հայաստանի հունական համայնքի ներկայացուցիչներ մայիսի 19-ին այցելել են Ծիծեռնակաբերդ և ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրել Հայոց մեծ եղեռնի հուշակոթողին։ Ներկաները լռությամբ ու խոնարհումով հարգել են 1915-1923թթ. Փոքր Ասիայի տարածքում Օսմանյան Թուրքիայի կողմից Պոնտոսի հույների նկատմամբ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակը։
Արթիկի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի հանդիսապետությամբ կատարվել է հոգեհանգստի արարողություն։
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն' իր խոսքում նշելով, որ ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են Փոքր Ասիայի տարածքում Օսմանյան Թուրքիայի կողմից ծրագրված և կազմակերպված քրիստոնյա ժողովուրդների նկատմամբ ցեղասպանության դատապարտման ուղղությամբ, ասել է, որ 2011թ. ապրիլի 24-ին Հայաստանի Ազգային ժողովը հանդես է եկել կոչով, որպեսզի միջազգային հանրությունը դատապարտի ոչ միայն Հայոց ցեղասպանությունը, այլև հույն և ասորի ժողովուրդների: Էդուարդ Շարմազանովի հավաստմամբ՝ օրվա խորհուրդը ապրելու և պայքարելու մեջ է։ «Մենք պետք է պայքարենք հանուն մարդու իրավունքների պաշտպանության և պատմական արդարության վերականգնման»,- ասել է ԱԺ փոխնախագահը։
ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոանիս Տաիսը նույնպես դատապարտել է Օսմանյան Թուրքիայի կողմից Փոքր Ասիայի տարածքում հայերի և Պոնտոսի հույների նկատմամբ 1915-1923թթ. կազմակերպված և իրականացված ցեղասպանությունը, նշել է, որ Հունաստանի խորհրդարանը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է հայերի և Պոնտոսի հույների ցեղասպանությունը։
Երևանի «Իլիոս» հասարակական կազմակերպության նախագահ, հունական համայնքի ներկայացուցիչ Սլավա Ռաֆաելիդիսը նշել է, որ պետք է պահանջատեր լինել և միասնական պայքարել պատմական արդարությունը վերականգնելու համար։