Կիպրոս կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ապրիլի 2-ին մասնակցել է «Կիպրոս-Հայաստան» միացյալ դրոշմանիշի թողարկման հանդիսավոր արարողությանը: Դրոշմանիշը թողարկվել է ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Միացյալ դրոշմանիշի թողարկումն արտացոլում է դարերով կապված երկու ժողովուրդների համերաշխությունը եւ երկարամյա հարաբերությունները: Դրոշմանիշի վրա պատկերված է հայապահպանության դարբնոց ընկալվող Մելքոնյան կրթական հաստատությունը, որի առջեւում երեւում են հայ որբերի տնկած ծառերը՝ ի հիշատակ իրենց նահատակված ծնողների:

 

Մելքոնյան կրթական հաստատությունը հիմնադրվել է Կիպրոսում 1924 թվականին, եգիպտահայ արդյունաբերող եղբայրներ Կարապետ եւ Գրիգոր Մելքոնյանների կողմից՝ որպես Հայոց ցեղասպանությունից մազապուրծ որբերի հանգրվան և կրթարան:

 

Միացյալ դրոշմանիշի ներկայացման պաշտոնական արարողությանը ելույթ են ունեցել Կիպրոսի և Հայաստանի խորհրդարանների ղեկավարները, Կիպրոսի խորհրդարանի պատգամավոր Վարդգես Մահտեսյանը, Կիպրոսի Հանրապետության կապի նախարարը: