Ապրիլի 8-ի առավոտյան վերստին հրդեհ է բռնկել Չինաստանի Ֆուցզյան արեւելյան նահանգի Չժանչժոու քաղաքի նավթաքիմիական գործարանում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Սինհուա գործակալությանը, հրշեջներն արդեն երրորդ օրն է՝ չեն կարողանում մարել կրակը: Հրդեհի դեմ պայքարում գործի է դրված ավելի քան 170 միավոր հատուկ տեխնիկա:
Ապրիլի 6-ի երեկոյան այդ գործարանում քսիլոլի (բենզոլի ածանցյալ) արտադրության կայանքից նավթի արտահոսք էր տեղի ունեցել: Դրա հետեւանքով հզոր պայթյուն էր որոտացել, որը վնասել էր մերձակա շենքերը եւ կոտրել շրջակա շենքերի ապակիները:
Հրդեհը ճարակել էր արտադրական հարկաբաժինները, ինչպես նաեւ երեք նավթամբար: Մեկօրյա աշխատանքից հետո հրշեջներին առաջին անգամ հաջողվել էր տեղափակել բռնկումը եւ մարել այն, բայց այսօր առավոտյան դարձյալ հրդեհ է բռնկել: Նախնական տվյալներով՝ պատահարի հետեւանքով տուժել է 19 մարդ, վեց հոգի հոսպիտալացվել է:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, քսիլոլի գոլորշիները որոշակի խտության դեպքում վտանգավոր են մարդու համար: Ըստ իշխանությունների տվյալների՝ շրջակա միջավայր վնասակար նյութերի արտանետումը «զգալի բացասական ներգործություն չի ունեցել» պատահարի շրջանի բնապահպանական իրադրության վրա: