Փոթորկի հետևանքով Վրաստանի արևմտյան մի շարք շրջաններում և քաղաքներում տապալվել է մի քանի տասնյակ ծառ, պոկվել են շենքերի տանիքներ: Ամենամեծ վնասը հասցվել է Քութայիս և Բաթում քաղաքներին և հարակից շրջաններին: Այս մասին հայտնել է apsny.ge-ն:
Ինչպես նշում են տեղի իշխանությունների ներկայացուցիչները, վնասվածքներ է ստացել Բաթում և Քութայիս քաղաքների մի քանի բնակիչ, ովքեր փոթորկի պահին գտնվել են փողոցներում և առևտրային կետերում: Տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ:
Երկրի արևմտյան մասի տարբեր քաղաքներում վնասվել է ավելի քան 10 ավտոմեքենա, որոնք կայանված են եղել տապալված ծառերի մոտակայքում: Փոթորկի հետևանքով շարքից հանվել են մի շարք էլեկտրահաղորդման գծեր, ինչի հետևանքով ավելի քան 15.000 ընտանիք մնացել է առանց էլեկտրաէներգիայի: