msy.am/ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության դահլիճում  ապրիլի 9-ին, անցկացվել է «Հայաստանի «ազգային կոխ» ըմբշամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության ընտրական համաժողովը, որին ներկա էին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, նախարարի տեղակալ Արտաշես Նազարյանը:

Նախարար Գաբրիել Ղազարյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ նախարարության կողմից արդեն իսկ քայլեր են ձեռնարկվում ազգային կոխ ըմբշամարտ մարզաձևի զարգացման ուղղությամբ, ու այդ նպատակին հասնելու համար սերտ համագործակցություն կլինի ՀՀ մշակույթի նախարարության և շահագրգիռ այլ գերատեսչությունների հետ, իսկ այսօրվա հանդիպումը պայմանավորված է ֆեդերացիայի նախկին նախագահի հրաժարականի դիմումով:

Նախագահի պաշտոնում առաջարկվել է հունա-հռոմեական ոճի ըմբիշ, 2001 թ. աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալուստյանի թեկնածությունը, որն էլ քվեարկության արդյունքում ընտրվել է միաձայն:

Համաժողովի ընթացքում ընտրվել են նաև նախագահի տեղակալները, նախագահության կազմը, վերստուգիչ, մրցավարական, մարզչական, որակավորման հանձնաժողովների կազմերը, քննարկվել են օրակարգում ներառված ֆեդերացիայի կանոնադրության մեջ կատարվելիք փոփոխություններին առնչվող, զարգացման ծրագրին վերաբերող, ինչպես նաև կազմակերպչական և աշխատանքային այլ հարցեր:

Համաժողովին, որպես հրավիրված հյուր, ներկա էր նաև ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի կազմում գործող ըմբշամարտի համաշխարհային միության (UWW) նախագահ Գինտաուտաս Վիլեյտան, որը համակարգում է ազգային մարզաձևերի հետ տարվող աշխատանքները: