Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին անցկացվելիք արարողությունները հակաթուրքական բնույթ չեն կրի, սակայն կգործադրվեն առավելագույն ջանքերը, որպեսզի թուրքական ղեկավարությունը ճանաչի ցեղասպանությունը: Այս մասին հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ ռուսական «Միր» հեռուստաընկերության «Միասին» հաղորդաշարի շրջանակում տված հարցազրույցի ժամանակ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբˋ Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ հայկական կողմը մտադիր չէ հակաթուրքական հիստերիա բարձրացնել: «Այս տարի մենք կանցկացնենք բազմաթիվ արարողություններ: Բայց դրանք հակաթուրքական բնույթ չեն կրի: Մենք մտադիր չենք հակաթուրքական հիստերիա բարձրացնել, մանավանդ որ ես հարգանքով եմ վերաբերվում թուրք ժողովրդին: Բայց մենք առավելագույն ջանքերը կգործադրենք, որպեսզի թուրքական ղեկավարությունը ճանաչի Ցեղասպանությունը: Կարծում եմ, գուցե դա հայերի դեռ շատ սերունդների գործը կլինի: Համենայն դեպս, կարծում եմ, որ ոչ մի սերունդ չի հրաժարվի դրանից»,- ասել է ՀՀ Նախագահը:
Հարցին, թե ինչպե՞ս է ՀՀ Նախագահն այսօր գնահատում 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները, Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ Ցեղասպանությունը գործնականում առնչվել է յուրաքանչյուր հայ ընտանիքի, և այդ վայրագությունների զոհերին հիշատակելը հայ ազգի մի քանի սերունդների ազգային ինքնագիտակցության անբաժանելի մասն է կազմում:
«Մենք ուզում ենք, որ այս տարի Հայաստանը դառնա ցեղասպանությունների դեմ պայքարի հարթակ: Այդ նպատակով ապրիլի 23-ին մենք մեծ գիտաժողով կանցկացնենք՝ նվիրված ցեղասպանությունների դեմ պայքարին: Մենք ուզում ենք՝ մեր ձայնը լսեն աշխարհի բոլոր անկյուններում: Մենք ուզում ենք վերջ տալ բոլոր ցեղասպանություններին: Մենք ուզում ենք, որ ոչ ոք չժխտի արդեն տեղի ունեցած ցեղասպանությունները, քանզի ժխտումը հանգեցնում է կրկնության, անպատժելիությունը հանգեցնում է կրկնության»,- շեշտել է Նախագահ Սարգսյանը:
Պատասխանելով այն հարցին՝ հնարավո՞ր է զուգահեռներ տանել այն ժամանակ և այսօր տեղի ունեցող նման դեպքերի միջև՝ Սերժ Սարգսյանը բերել է մի շարք օրինակներ: «Կարծում եմ, այստեղ տեղին է նշել, որ Հոլոքոստի սարսափելի թափանիվը գործի դրվեց, երբ Երրորդ ռեյխի առաջնորդի շուրթերից հնչեց հետևյալ հռետորական հարցը. «Ո՞վ է այսօր հիշում հայերի ոչնչացումը»: Հետագայում ևս տեղի է ունեցել: Հիշենք Կամբոջան: Կարող եմ մի քանի օրինակ ևս բերել: Կարող եմ օրինակ բերել անգամ այսօրվանից՝ այն, ինչ տեղի է ունենում Մերձավոր Արևելքում:
Ինչ է, դրանք ցեղասպանության տարրեր չե՞ն: Մարդկանց մի խումբ բառացիորեն որս է սկսել ուրիշ խմբի մարդկանց դեմ, որոնց կրոնն այլ է և այլ է ազգությունը: Նրանք ոչ միայն մարդկանց են որսում, այլև հիշատակը, ոչնչացնում են եկեղեցիները, պայթեցնում թանգարանները: Կարծում եմ, աշխարհի առաջատար երկրները պարզապես պարտավոր են ստանձնել քաղաքական պարտականություններ: Եվ այդ քաղաքական պարտականությունները ոչ մի պարագայում չենթարկել որևէ աշխարհաքաղաքական հաշվարկի, որովհետև նպատակը սուրբ էˋ թույլ չտալ ազգերի բնաջնջում, թույլ չտալ մարդկանց բնաջնջում»,- ընդգծել է ՀՀ Նախագահ Սե րժ Սարգսյանը: Նա կարևորել է բոլորի մասնակցությունը այդ սարսափելի չարիքի կանխարգելման գործում: