Ճանաչված ամերիկահայ գրող Քրիս Բոհջալյանն անդրադառնալով Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սուրբ պատարագին' իր հիացմունքն է արտահայտել Հռոմի Ֆրանցիկոս պապի ելույթի կապակցությամբ՝ շեշտելով, որ անհնար է հանցագործությունը հավերժ թաքցնել:
«Այնքան հպարտ եմ, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը կատարվածն անվանեց Հայոց ցեղասպանությունը: Անհնար է մարդասպանությունը երկար թաքցնել: Արդարությունը պետք է հաղթանակի: Ես կոչ եմ անում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որ արտահայտի նույն դիրքորոշումն ու բարոյականությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ Ֆեյսբուքի իր էջում գրել է Բոհջալյանը:
Ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում կատարված պատարագի ընթացքում Ֆրանցիսկոս պապը նշել էր, որ 20-րդ դարի առաջին Ցեղասպանությանը զոհ գնաց հայ ազգը և այդ անծայրածիր խենթ ողբերգության 100-րդ տարելիցը հիշելը պարտադիր է, որովհետև ուր հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը: «Ծածկել հանցանքը, նշանակում է թողնել, որ վերքը արնահոսի»,- ասել էր Հռոմի Ֆրանցիկոս պապը: