Երևանի բնակիչ Արմեն Ավագյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի երրորդ մասի առաջին կետի հատկանիշներով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Դատական տեղեկատվական համակարգից:

 

Արմեն Ավագյանը, 2012 թվականի սեպտեմբերից հանդիսանալով «Յունիբանկ» ՓԲԸ-ի «Ավան» մասնաճյուղի գործադիր կառավարիչ և 2014թվականից նաև նույն մասնաճյուղի վաճառքի գծով տնօրեն, տարբեր անձանց նկատմամբ ունեցած շուրջ 100 հազար ԱՄՆ դոլար պարտքը մարելու պարտավորությունից դրդված՝ տարբեր մարդկանց անուններով պատրաստել է կեղծ վարկային փաստաթղթերի փաթեթ:

 

Այնուհետև խաբեության եղանակով նա հաստատել է վարկի տրամադրումը և Երևանի տարբեր բանկոմատների միջոցով կանխիկացրել բանկի տրամադրված վարկի գումարները' «Յունիբանկ» ՓԲԸ -ին պատճառելով շուրջ 70 միլիոն ՀՀ դրամի գույքային վնաս:

 

Վերը նշված քրեական հոդվածով մեղադրյալին սպառնում է չորսից ութ տարի ժամկետով ազատազրկում'գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

 

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Վարդապետյանը Արմեն Ավագյանի նկատմամբ որպես այլընտրանքնային խափանման միջոց ընտրել է գրավը: