Այսօր՝ մայիսի 5-ին, Սայաթ Նովա 8 հասցեում բացվել է «ԱԿԲԱ - ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկի նոր՝ «Սայաթ Նովա» մասնաճյուղը:
Սա բանկի արդեն 55-րդ մասնաճյուղն է: Բացմանը ներկա էին ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, «ԱԿԲԱ - ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը և այլոք:
Ինչպես նշեց բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը՝ մասնաճյուղի բացումը տեղի է ունեցել բանկի նախկին գլխավոր գործադիր տնօրեն, երջանկահիշատակ Ստեփան Գիշյանի ծննդյան օրը: «Նոր մասնաճյուղը կտրամադրի բանկային ծառայությունների ողջ շրջանակը, սակայն կունենա նաև նեղ մասնագիտացում` ուշադրությունը կենտրոնացնելով փոքր և միջին բիզնեսին ծառայություններ մատուցելու վրա` վարկավորում, տարատեսակ բանկային ծառայություններ և ամբողջական փաթեթային սպասարկում: Նախատեսվում է բանկի մասնաճյուղային ցանցի հետագա ընդլայնում, մասնավորապես առաջիկայում մայրաքաղաքում կբացվի ևս մեկ մասնաճյուղ` «Տերյան», ինչպես նաև մարզերում ներուժի ներկայացվածության և ճիշտ օգտագործմանն ուղղված աշխատանքներ են տարվում»,- ընդգծեց Անդրեասյանը:
Ըստ բանկի գլխավոր գործադիր տնօրենի՝ նպատակ կա առավել մոտ լինել բնակչությանը։ Նա ասաց, որ բանկը ներկայացված է հանրապետության բոլոր մարզերում, և դեռ սպավում է նոր մասնաճյուղերի բացումը առավել խոշոր շրջաններում: «Գյումրիում արդեն ունենք 4 մասնաճյուղ, Արմավիրի մարզում՝ 3-ը: Մենք պետք է դառնանք ազգաբնակչության համար ամենահասանելի բանկը»,- ասաց Հակոբ Անդրեասյանը։
Նորաբաց մասնաճյուղի կառավարիչ Սուրեն Զաքարյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց. «Մի քանի օրից մասնաճյուղը լիարժեք կաշխատի և կմատուցի ժամանակակից բանկային ծառայություններ՝ շեշտը դնելով ՓՄՁ ոլորտի վրա: Ցանկացած տեսակի բիզնեսի համար մենք կարող ենք առաջարկել համապատասխան առաջարկների փաթեթ»: