«ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը մահացել է: Լուրն «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեց նաեւ «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ի գլխավոր մարքեթոլոգ Հարություն Պողոսյանը' չփոխանցելով դեպքի հետ կապված մեկնաբանություններ: «Տեղեկատվության հետ կապված մենք պաշտոնապես հայտարարություն կտարածենք»,- ասաց նա:

 

Ստեփան Գիշյանն, ունենալով ֆինանսական ոլորտում հարուստ աշխատանքային փորձ, 1996թ.-ին ստանձնել է «Հայգյուղփոխբանկ» կոոպերատիվ բանկի գործադիր տնօրենի պաշտոնը' ղեկավարելով բանկը ստեղծման և զարգացման ողջ ընթացքում: 2006թ. «Հայգյուղփոխբանկ» կոոպերատիվ բանկը վերակազմավորվել է «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲ ընկերության, իսկ Ստեփան Գիշյանը շարունակել է զբաղեցնել գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնը: 2003թ.-ից մինչ օրս Ստեփան Գիշյանը նաև «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿՓԲԸ խորհրդի նախագահն էր, իսկ 2006թ.-ից մինչ օրս' «Հայաստանի Ալիանս Ֆրանսես» ՓԲ ընկերության նախագահը:

 

Ստեփան Գիշյանը 2009թ.-ից Հայաստանի Հանրապետության Հանրային խորհրդի անդամ էր: 2006-2007թթ. Ստեփան Գիշյանը նախագահել է Հայաստանի բանկերի միությունը: Նա Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով, իսկ Ֆրանսիայի Հանրապետության Նախագահի կողմից' «Վաստակի համար» ազգային շքանշանով: