Մայիսի 15-ին Գաբրիել Սունդուկյանի անվան Ազգային Ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի նախկին գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանի տարեդարձին նվիրված հուշ-երեկո:
Միջոցառմանը ներկա էին ինչպես Ստեփան Գիշյանի հարազատներն ու ընկերները, այնպես էլ բանկի Հայաստանի տարբեր ծայրերում գտնվող մասնաճյուղերի աշխատակիցները:
Միջոցառման սկզբին բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը, խոսելով Ս. Գիշյանի մարդկային հատկանիշների մասին, սահուն անցում կատարեց նրա կատարած աշխատանքին և ձեռքբերումներին. «Ստեփան Գիշյանը դարձել է այն ուղենշային անձնավորությունը, ով նոր ստանդարտներ և արժեքներ է բերել Հայաստանի բանկային համակարգ: Նա 19 տարի առաջ շատ պատահաբար, բայց նաև օրինաչափ հայտնվեց մի այնպիսի ծրագրի կենտրոնում, որի հեռանկարի վրա շատերը կասկածում էին: Այն, որ բանկային համակարգում այսօր ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն իր ուրույն տեղն ունի, առաջին հերթին Ստեփանի նոր մոտեցումների հետևանք է»:
Նա նաև հայտարարեց, որ ի հիշատակ ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի նախկին գլխավոր գործադիր տնօրենի՝ կստեղծվի «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամ. «Հիմնադրամը ծառայելու է երջանկահիշատակ Ստեփան Գիշյանի գործունեության ամենակարևոր ուղղություններից մեկին՝ հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանն ու երկու երկրների միջև բարեկամության խորացմանը:
Շնորհակալություն եմ հայտնում ֆրանսիական «Կրեդի Ագրիկոլ» բանկին, որը հիմնադրամի ստեղծման գաղափարի առաջացման պահից մինչև իրականացումն աջակցել է մեզ: Հիմնադրամը երկար ճանապարհ ունի անցնելու»:
Ըստ Հակոբ Անդրեասյանի՝ հիմնադրամի շահառուներն են լինելու այն երիտասարդները, սոցիալապես ակտիվ այն քաղաքացիները, ովքեր կերտելու են հայ-ֆրանսիական բարեկամության նոր ապագան՝ ստեղծելով նոր արժեքներ:
Նկատենք, որ հավաքվելով մեկ հարկի տակ՝ Ս. Գիշյանի ընկներները կիսվում էին ոչ միայն բանկային ոլորտում գրանցած նրա ձեռքբերումներով, այլև հաճելի հուշերով և պատմություններով:
Վերհիշելով իրենց ընկերությունն ու համատեղ աշխատած տարիները՝ Բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը նշեց. «Ես տարիքով ավելի մեծ էի, և եթե սկզբնական շրջանում Ստեփանն ինձնից, ամենայն հավանականությամբ, շատ բան էր սովորում, ապա մեր ընկերության վերջին տասնամյակում ես նրանից ընդօրինակելու շատ բան ունեի: Միշտ հիշում եմ Ստեփանին և հպարտանում, հաճախ տեսնում նրան երազներումս: Այդ հուշերն ինձ ապրելու ուժ ու եռանդ են տալիս: Ստեփանը շուրջ երկու տասնամյակ ղեկավարում էր մի բանկ, որը դարձել է անկախ Հայաստանի վերածննդի խոսուն խորհրդանիշը: Շնորհիվ բարձր կամային հատկանիշների, նպատակասլաց և հետևողական աշխատանքի, գործին անմնացորդ նվիրվածության՝ Ստեփան Գիշյանին մի քանի տարում լիովին հաջողվեց իրականացնել բանկի ստեղծման դժվարագույն ծրագիրը: Ստեփանը կարողացավ ընկերներին համախմբել իր շուրջ և ստեղծել նմանատիպ մտածողությամբ կոլեկտիվ, որն այսօր շարունակում է նրա գործը»:
Սոսե Չանդոյան