Ապրիլի 24-ին տեղի կունենա Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նորացված ցուցադրության բացումը: Այս մասին մարտի 30-ին լրագրողներին հայտնել է թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը,- տեղեկացնում է Orer.am-ը:

 

«2500 քառ. մետր տարածքով ցուցասրահն արդեն լիովին պատրաստ է, իսկ ցուցադրության համար պատրաստվել է մի քանի հազար փաստաթուղթ, որոնք հավաքվել են 7 տարվա ընթացքում։ Նրանց մի մասը կցուցադրվի օրիգինալ տարբերակով, իսկ մյուս մասը՝ էլեկտրոնային»,- ասաց Դեմոյանը։

 

Նա շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր նվիրատվություն էին կատարել սրահի վերանորոգման համար։

 

Դեմոյանն ասաց, որ նոր ցուցահանդեսի դիզայներական աշխատանքներն իրականացվել են անվճար: «Չենք կարող մեծ գումար աշխատել մեր ժողովրդի ողբերգությունը ներկայացնելու վրա»,- ընգծեց բանախոսը:

 

Խոսելով աշխարհի տարբեր երկրներում ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ անցկացվող ցուցահանդեսների մասին՝ Հ.Դեմոյանն ասաց, որ առաջիկայում երեք մեծածավալ ցուցադրություն է բացվելու Փարիզում, Մեխիկոյում և Կալիֆորնիայում: Ապրիլի 29-ին Փարիզի քաղաքապետարանում բացվելու է «Հայաստան.1915. Փարիզ քաղաքը հյուրընկալում է Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն» խորագրով ժամանակավոր ցուցահանդես, որը գործելու է մինչև հուլիսի 4-ը:

 

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը պատմեց նաև, որ Փարիզի ցուցադրությանն առաջին անգամ ներկայացվելու է նաև ցեղասպանության վերապրած Ավրորա Մարդիգանյանի հավաքածուն: Հավաքածուի մեջ ընդգրկված են 1918 թ. Կալիֆոռնիայում Ավրորա Մարդիգանյանի դերակատարմամբ նկարահանված «Հոգիների աճուրդ» համր ֆիլմի պաստառները, լուսանկարները, անձնական իրերը, նրան նվիրված թողարկումները և բացառիկ այլ նմուշներ:

 

Հաjկ Դեմոյանը շնորհակալություն հայտնեց «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» բանկին՝ ցուցադրությանը աջակցելու և դրան առնչվող 4 գրքերի թարգմանության և տպագրական աշխատանքները ֆինասավորելու համար:

 

«Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի մարքեթինգի վարչության պետ Հարություն Պողոսյանն էլ նշեց. «Նախորդ տարվա դեկտեմբերին, երբ իմացանք ցուցադրության մասին, որոշեցինք անմասն չմնալ ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված միջոցառումներին և մեր ներդրումն ունենալ միջոցառումների և տարբեր տեսակի քարոզչական նախագծերի իրականացմանը: Օգտվելով այն հանգամանքից, որ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի խոշորագույն բաժնետեր է հանդիսանում ֆրանսիական «Կրեդի Ագրիկոլ» բանկային խումբը՝ մենք նաև փորձելու ենք այդ հսկայածավալ կառույցի աշխատակիցների շրջանում տարածել այդ ցուցադրության շրջանակներում տեղ գտած ինֆորմացիան և ոչ միայն»,- ընդգծեց պարոն Պողոսյանը:

 

Իր հերթին Հայկ Դեմոյանը լրագրողներին հաղորդեց նաև, որ անցած տարի թանգարանի հետ բանակցություններ էին սկսել թուրք առաջադիմական շրջանակների ներկայացուցիչներ՝ Ստամբուլում ցուցադրություն կազմակերպելու նպատակով: Նա նշեց, որ իրենք պատրաստ են և անվտանգության երաշխիքների և համապատասխան ցուցասրահի առկայության դեպքում կմեկնեն Թուրքիա: