Սաուդյան Արաբիայի օդանավերն ապրիլի 13-ի վաղ առավոտյան շարունակել են ռմբակոծել Եմենի տարբեր շրջանները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Իբ քաղաքում հարվածներն ուղղվել են քաղաքի կենտրոնում գտնվող մարզադաշտի և սպորտային համալիրի, ինչպես նաև Հիրասա շրջանի ուղղությամբ: Նախօերին Իբ նահանգում ռմբակոծությունների հետևանքով 12 մարդ է զոհվել, այդ թվում՝ մի ամբողջ ընտանիք: Անվտանգության աղբյուրները տեղեկացնում են, որ աշխատանքներ են տարվում մարդկանց փլատակաների տակից հանելու ուղղությամբ:

 

Սաուդյան Արաբիան նոր հարվածներ է հասցրել Եմենի մայրաքաղաք Սանա, Օմրան, Իբ և Մաարիբ նահանգներին: Ռմբակոծվել է Աթակ քաղաքը, որը գտնվում է Եմենի հարավ-արևելքում: Հինգ հարվածներ ուղղվել են անվտանգության ուժերի շտաբի ուղղությամբ, որը գտնվում է շինաների և նախկին նախագահ Ալի Աբդ Ալլահ Սալեհի կողմնակից ուժերի ձեռքում: Հաջ նահանգում շիաների և Հադիի կողմնակիցների միջև թեժ բախումներ են սկսվել, որոնց հետևանքով 10-ից ավելի զոհեր են գրանցվել, նաև 20 վիրավորներ:

 

Սաուդյան Արաբիայի Պաշպանության նախարարության ներկայացուցիչ Ահմադ Ասիրին հայտարարել է, որ շիա ապստամբները տեղակայվում են դպրոցներում, սպորտային համալիրներում, ուստի հարվածներն ուղղվում են այդ ուղղությամբ:
Համաշխարհային առողջապահության կազմակերպության տվյալներով, Եմենում մարտի 19-ից ի վեր զոհվել է ավելի քան 640, վիրավորվել՝ 2220 մարդ: 335 հազար եմենցիներ ստիպված լքել են իրանց տները:

 

«Վճռականության փոթորիկ» գործողությունները Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ սկսվել են մարտի 26-ի գիշերը: Սաուդյան Արաբիային աջակցում են Բահրեյնը, Կատարը, Քուվեյթը և ԱՄԷ-ն: Արաբական դաշինքի ուժերի ղեկավար Ահմադ Ասիրին հայտարարել է, որ ռազմական գործողությունները կշարունակվեն մինչև Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադիի իշխանության վերականգնումը: