Սաուդյան Արաբիայի նավատորմը պաշարել է Եմենի նավահանգիստները՝ թույլ չտալու հուսիթ ապստամբներին զենք ստանալ դրսից: Այս մասին հայտարարել է թագավորության պաշտպանության նախարարության ներկայացուցիչը, հաղորդում է korrespondent.net-ը:

 

Լոնդոնում BBC-ին տված հարցազրույցում սաուդցի դեսպանը կրկնել է ավելի վաղ Էր-Ռիադի արտահայտած կասկածները, թե Իրանը զենքով օգնում է եմենցի շիաներին:

 

Թեհրանն ու հուսիթներն անձամբ կտրականապես հերքում են նման ենթադրությունները:

 

Միջազգային կոալիցիան՝ Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի այլ երկրների մասնակցությամբ, Եմենի նախագահի խնդրանքով անցկացնում է «Վճռականության փոթորիկ» գործողությունն ընդդեմ հուսիթ ապստամբների, ովքեր վերահսկում են երկրի տարածքի մեծ մասը:

 

Կոալիցիան ավիահարվածներ է հասցրել Սանայի օդանավակայանին և մի շարք ռազմական օբյեկտների, ինչի հետևանքով մի քանի տասնյակ մարդ է զոհվել: