Ավելի քան 120 հազար եմենցիներ լքել են իրենց տները Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ' Պարսից ծոցի երկրների կողմից իրականացվող ավիառմբակոծությունների պատճառով: Այս մասին հայտնում է մարդասիրական հարցերի համակարգման ՄԱԿ-ի վարչությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

 

Նշվում է, որ հարկադիր տեղահանվածների առավել մեծ թիվ' մոտ 60 հազար մարդ, գրանցվել է Հադջա նահանգում:

 

Վարչությունը հայտնում է, որ ապրիլի 7-11-ը Եմենում զոհվել է 37 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 10 երեխա, 154-ը վնասվածքներ են ստացել: Ավելի վաղ ՄԱԿ-ը հայտնել է, որ ավիահարվածների մեկնարկից զոհվել են ավելի քան 300 քաղաքացիական անձինք։

 

Ներկայում ռմբակոծություններ են իրականացվում Եմենի 22 նահանգներից 18-ում և խոչընդոտում բնակչությանն օգնության տրամադրումը:

 

Ֆիքսված հեռախոսակապն ու բջջային ցանցերն այլևս չեն գործում որոշ շրջաններում: Բնակիչները որոշ վայրերում բախվում են էլեկտրամատակարարման՝ մինչև 12 ժամ խափանումների: