Հունիսին անցկացվելիք Եվրոխաղերին ընդառաջ Բաքվում սկսել են հավաքել Ադրբեջանի հանգուցյալ նախագահ Հեյդար Ալիեւի դիմանկարներով պաստառները: «Ազադլըգ» ռադիոն հայտնել է, որ Հեյդար Ալիեւի դիմանկարները հանել են քաղաքի տարբեր մասերում, այդ թվում Նոբելի պողոտայից, Նիզամիի շրջանի մետրոյի կայարանի մոտից, որտեղ դրանք տեղադրված էին երկար տ արիներ:

 

 

Խաթայի շրջանի գործադիր իշխանությունում անունը հրապարակել չցանկացած պաշտոնյան «Ազադլըգ» ռադիոյին կարճ պատասպանել է. «Նման հանձնարարություն է տրվել, մենք էլ կատարել ենք»: Բաքվի այլ շրջանների ղեկավարությունից էլ պատասխանել են, թե Ալիեւի դիմապատկերներն իրենք չեն տեղադրել, չգիտեն, թե ովքեր են դրանք հանել, կամ էլ՝ թե հանել են գունաթափվելու պատճառով, եւ վերանորոգվելուց հետո կտեղադրեն: Որոշ շրջանների ղեկավարներ էլ հերքել են Ալիեւի դիմապատկերները հանելու փաստը:

 

 

Հարցի հետ կապված՝ «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին Facebook-ի իր էջում Ադրբեջանի «համազգային առաջնորդի» դիմապատկերները քաղաքի կենտրոնական մասերից հանելու միջոցառումը մեկնաբանել է այն բանով, որ իշխանությունը ցանկանում է Եվրոխաղերի համար Բաքու ժամանող արտասահմանցիներից թաքցնել Հեյդար Ալիեւի նկատմամբ անձի պաշտամունքը:

 

 

«Երկրի բոլոր վայրերը Հեյդար Ալիեւի դիմանկարներով եւ արձաններով զարդարելուն հանդերձ, մեր հետամնաց լինելը, ինչպես երեւում է, իրենք էլ գիտեին: Վերջապես հասկացել են, որ քաղաքի ճակատանասերը զարդարելով չեն կարող խաբել արտասահմանցիներին: Բաքու ոտք դնող յուրաքանչյուր արտասահմանցի միայն Հեյդար Ալիեւի դիմապատկերների եւ արձանների, նրա անվան թանգարանների, կենտրոնների եւ զբոսայգիների թվաքանակից հասկանալու է, որ լավ շպարված արեւելյան բռնապետության հյուրն է: Նորմալ երկրում անձի նման պաշտամունք չի կարող լինել: Այդ միջոցառումը խոսում է այն մասին, որ իշխանությունները թքած ունեն սեփական ժողովրդի վրա, եւ եվրոպացիների առաջ շպարվում են' իրենց հեղինակությունը բարձրացնելու համար՚,- նշել է նա:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազադլըգ» թերթն այդ առնչությամբ գրում է, թե լավ, եթե իշխանությունները Ալիեւների անձի պաշտամունքը արտասահմանցիների աչքից թաքցնելու համար կարող են նրանց պատկերները հանել փողոցներից, իրենց առաձնանսենյակներից, կոստյումների վրայից, անգամ դասագրքերից, աշակերտական տետրերից, իսկ ինչպե՞ս են վերացնելու ամեն քայլափոխի դրված նրա արձանները, կամ թաքցնելու մայիսի 10-ին Հեյդար Ալիեւի ծննդյան օրվա հետ համընկեցված ՙծաղկի տոնի՚ միջոցառումը, որի վրա տասնյակ միլիոններով փող են ծախսում:

 

 

«Կարճ ասած, հանելով Հեյդար Ալիեւի դիմանկարները, իշխանությունները միայն իրենց իրական դեմքն են ցուցադրում: Առանց այն էլ 20 տարուց ավելի իրագործվող քաղաքականությունը արդեն ստեղծել է երկրի իրական դիմանկարը», -գրել է թերթը:

 

 

Դրա հետ միասին այն նշում է, որ եթե Ադրբեջանի յուրաքանչյուր շրջանում տեղադրված են Հեյդար Ալիեւի հուշարձանները, նրա անունով են կոչվել մոտ 60 թանգարաններ, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատար խողովակաշարը, Բաքվի միջազգային օդանավակայանը, բազմաթիվ համերգային սրահներ եւ կենտրոններ, ապա Բաքվում եւ Ադրբեջանում հնարավոր չէ գտնել 1918 թվականին Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության հիմնադիր Մամեդ Էմին Ռասուլզադեի արձանը, քանի որ նախկինում եղածներն անգամ հանվել եւ փոխարենը կանգնեցվել են Հեյդար Ալիեւի արձանները: «Բաքվում չկա Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության հիմնադիր Ռասուլզադեի անվան ոչ հուշարձան, ոչ փողոց, ոչ էլ թանգարան»,- հայտնել է «Ազատություն» ռադիոկայանը:

 

 

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ տեղեկացրել էին, որ Բաքվում ապամոնտաժել են հայտնի հուշարձանները եւ դրանց տեղում տեղադրել Հեյդար Ալիեւի արձանները: Ադրբեջանում ազգային են համարվում միայն Հեյդար Ալիեւի հետ կապված տոները: Ուշագրավ է, որ թուրքական դասագրքերում Հեյդար Ալիեւը Սադամ Հուսեյնին եւ Պինոչետին հավասար բռնապետ է անվանվել: IWPR-ն հայտնել է, որ Ադրբեջանում անձի պաշտամունքը հասել է այն բանին, որ յուրաքանչյուր դպրոցական դասագրքում հիշատակվում են հայր եւ որդի Ալիեւները:

 

 

Հեյդար Ալիեւի պաշտամունքը սկսել էր ձեւավորվել դեռեւս նրա կենդանության օրոք, այդ գործընթացը շարունակվել է նաեւ նրա մահվանից հետո: Նրա անունով կոչվել են փողոցներ, զբոսայգիներ եւ այլ օբյեկտներ: Ադրբեջանի դպրոցական դասագրքերում Հեյդար Ալիեւին անվանում են «մեծ առաջնորդ» եւ «Ադրբեջանի փրկիչ»: BBC-ին ավելի վաղ նշել էր, որ քննադատների խոսքով' Հեյդար Ալիեւի անձի պաշտամունքը մասամբ ստեղծվել է այն բանի համար, որպեսզի օրինականություն տրվի նրա որդու' Իլհամի կառավարմանը: