Մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի որդին՝ արվեստաբան Կարեն Խաչատրյանը, ով այս օրերին գտնվում է Հայաստանում, ապրիլի 16-ին եղել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Այցի ընթացքում Կարեն Խաչատրյանին ուղեկցել է ՀՀ Նախագահի խորհրդական, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը: Այցից առաջ Կարեն Խաչատրյանը Կոմիտասի այգու պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել է հոր շիրիմին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը հյուրին է ներկայացրել թանգարանը, որի սրահներում մեկտեղված են հայ երաժշտական մշակույթի երախտավոր Կոմիտասի ստեղծագործական ժառանգությունը բնութագրող նմուշներ ու անձնական իրեր: Հյուրի ուշադրությունը գրավեց թանգարանի «Կոմիտասից հետո» սրահում ներկայացված Արամ Խաչատրյանի հազվագյուտ լուսանկարը, որտեղ հայ երաժշտության դասականը ծաղիկներ է դնում Կոմիտասի շիրիմին:
Արամ Խաչատրյանը ժամանակին այսպես է գնահատել Կոմիտասին. «Կոմիտասը մեր ազգային երաժշտական դպրոցի հիմքն է: Կոմիտասի երաժշտությունը մի այնպիսի անաղարտություն է, մի այնպիսի վսեմաշուք լեզու, որ դժվար է այս կամ այն կերպ նրան չառնչվելը, նրա ազդեցությունը չկրելը»:
Ամփոփելով ստացած տպավորությունները՝ Կարեն Խաչատրյանը թանգարան-ինստիտուտի պատվավոր հյուրերի մատյանում թողել է հետևյալ գրառումը. «Ես զարմանահրաշ րոպեներ ապրեցի՝ ծանոթանալով Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ցուցադրված նյութերին: Ես նորովի գնահատեցի մեծ ժողովրդի մեծ զավակի կյանքն ու գործունեությունը: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր ներդրում են ունեցել թանգարանի ստեղծման գործում»: