Մահացել է հայկական ֆուտբոլի լեգենդ, «Արարատ 73»-ի ֆուտբոլիստ Հարություն Քեհեյանը: Հայկական ֆուտբոլի 85-ամյա լեգենդը երկար տարիներ տնօրինում էր «Հրազդան» մարզադաշտը: Նրա մահվան մասին տեղեկությունն «Արմենպրես»-ին տրամադրեցին «Հրազդան» մարզադաշտից:
Հարություն Քեհեյանը ծնվել է 1930 թվականին, Աթենքում: Հարձակվող եւ կիսապաշտպան: Սպորտի վաստակավոր վարպետ: Վաստակավոր մարզիչ: ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում հանդես է եկել Երեւանի «Դինամո»-ում (1949-50), Մոսկվայի «Սպարտակ»-ում (1955), Երեւանի «Սպարտակ»-ում (1960-61, հետագայում «Արարատ») թիմերում: Երեւանյան թիմերի կազմերում անցկացրել է 87 խաղ, խփել է 9 գնդակ: ԽՍՀՄ Գավաթի 1954թ եզրափակչի մասնակից: Հայաստանի վաստակավոր մարզիչ: 1971թ. ԽՍՀՄ փոխչեմպիոն: Չեմպիոն եւ գավաթակիր Երեւանի «Արարատ»-ի մարզչական կազմում: Հաջողությամբ աշխատել-մարզել է հանրապետական պատանեկան թիմերը:
«Արարատ 73»-ի 40-ամյա հոբելյանի առիթով «Արմենպրես»-ն իր «Արարատ 73. 40 տարի անց» նախագծի շրջանակներում հարցազրույց էր անցկացրել լեգենդար Հարություն Քեհեյանի հետ: