Թատերասերները Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված նոր ներկայացում դիտելու հնարավորություն ունեն: Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում ներկայացվում է Պերճ Զեյթունցյանի «Փարիզյան դատավճիռ. ԱՍԱԼԱ» երկու գործողությամբ դրաման, որում ներգրավված են թատրոնի բազմաթիվ դերասաններ: Ներկ այացման առաձնախաղը տեղի ունեցավ ապրիլի 17-ին:

 

«Փարիզյան դատավճիռ» պիեսի բեմադրական աշխատանքներն իրականացրել Դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Արմեն Խանդիկյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Խանդիկյանը կարծիք հայտնեց, որ ներկայացումը դիտողները մեծ բավականություն և էներգետիկա ստացած կգնան դրամատիկական թատրոնից:

 

«Ներկայացման վրա երկար աշխատել է Պերճ Զեյթունցյանը: Շատ շնորհակալ եմ մեր թատրոնի ամենասիրելի դրամատուրգին: Շնորհակալ եմ, որ այս նյութն առաջարկեց մեր թատրոնին: Սա բացառիկ նյութ է: Սա 70-ականներից հետո ստեղծված, Հայոց ցեղասպանության մասին բեմադրություններից բավականին տարբերվում է»,- նշեց Արմեն Խանդիկյանը:

 

Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի խոսքով՝ նյութի հիմքում փաստեր են: «Խոսքն այնպիսի մարդկանց մասին է, որ, ցավոք, շատերս քիչ բան գիտենք կամ բոլորովին չգիտենք նրանց մասին: Նրանք վրիժառուներ, ահաբեկիչներ չէին, պահանջատերեր էին, ազատամարտիկներ»,- ընդգծեց Արմեն Խանդիկյանը՝ հավելելով, որ գործը յուրօրինակ ասելիք ունի:

 

Նա տեղեկացրեց, որ բեմադրությունը ապրիլի 18-ին և 19-ին ևս կհանձնվի հանրության դատին: Նախատեսված է ներկայացնել այն ևս մի քանի անգամ՝ առաջիկա ամիսներին:

 

Պերճ Զեյթունցյանն իր ստեղծագործական կյանքի մի զգալի մասը նվիրել է Ցեղասպանության թեմայի գեղարվեստական արտացոլմանը: «Փարիզյան դատավճիռ»-ը թատերագիրը գրել է Դրամատիկական թատրոնի համար: Այն նվիրվում է Փարիզում տեղի ունեցած դատավարությանը, որտեղ, որպես մեղադրյալներ, դատարանի առջև կանգնել էին հայկական գաղտնի բանակի խիզախ զինվորները: