«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իր վրա է վերցրել Աֆղանստանի արևելքում գտնվող Ջելալաբադ քաղաքում հնչած պայթյունների պատասխանատվությունը, որոնց հետևանքով նվազագույնը 33 մարդ զոհվել է, շուրջ 100 մարդ՝ վիրավորվել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստին», պայթյունները հնչել են շաբաթ առավոտյան Աֆղանստանի Ջելալաբադ քաղաքում: Ռումբերից մեկը պայթել է բանկի մոտակայքում, իսկ մյուսը՝ ինֆորմացիայի և մշակույթի դեպարտամենտի մոտ:
Զոհերի և վիրավորների մասին հստակ տվյալները, ինչպես նաև դեպի մանրամասները ճշտվում են: Ինչպես հաղորդել է տեղական հիվանդանոցի պաշտոնական աղբյուրը, հիվանդանոց են տեղափոխվել տասնյակ վիրավորներ, որոնց վիճակը ծանր է գնահատվում: Բժիշկները դիմել են բնակչությանը՝ ահաբեկչության հետևանքով տուժած վիրավորներին փրկելու համար արյուն տալու խնդրանքով: