Եգիպտոսի մայրաքաղաքում քրեական դատարանը երկուշաբթի հաստատել է նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի 22 կողմնակիցների մահապատիժը, ովքեր մեղադրվում են 2013 թ. ամռանը բռնության ակտերին մասնակցելու համար: Այս մասին հաղորդել է «Ալ-Ահրամ» պարբերականը:

 

 

Գործող օրենքի համաձայն մարտի 18-ին կայացված վճիռները ներկայացվել են երկրի մուֆթիի հաստատմանը: Դրանից հետո դատարանը կրկին վերադարձել է գործի քննությանը' վերջնական որոշումները հայտարարելու համար: Դատապարտվածների ընդհանուր թվից միայն 14 էին գտնվում դատարանի դահլիճում, ութ մարդ հետախուզման մեջ է: Բացի այդ, ևս 14-ը դատապարտված է 10 տարվա ազատազրկման:

 

 

Դատարանը վերանայել է գրեթե երկու տարվա վաղեմության իրադարձությունները, երբ «Մահմեդական եղբայրություն» ասոցիացիայի իշխանությունից հեռացվելուց հետո' իսլամիստները և նրանց կողմնակիցները սկսեցին անկարգություններ կազմակերպել ողջ երկրում և հրահրել բռնություն: