Ֆինանսական մոնիթորինգի հարցերով Ռուսաստանի դաշնային ծառայությունը բանկային պատժամիջոցներ է սահմանել 41 երկրի դեմ: Այս մասին հայտնել է «Известия»-ն:

Բանկերը դաշնային ծառայությանը պետք է անհապաղ հայտնեն 41 երկրի, այդ թվում' ԱՄՆ-ի, Կանադայի, Եվրամիության, Ավստրալիայի, Նորվեգիայի, Իրանի, Սիրիայի, Սուդանի, Նոր Զելանդիայի, Արգենտինայի, Մեքսիկայի, Շվեյցարիայի, Հյուսիսային Կորեայի և Ճամայկայի բնակիչ հանդիսացող հաճախորդների՝ ինչպես քաղաքացիների, այնպես էլ ընկերությունների գործարքների մասին:

Բանկերը պետք է գնահատեն նոր ցանկից երկրների բնակիչների հետ գործարքները որպես «կասկածելի»:

Եթե բանկը չկատարի այդ պահանջը, նրա գործողությունները կորակավորվեն որպես դաշնային օրենքի խախտում, պատժի ծայրահեղ միջոցը կլինի լիցենզիայից զրկումը:

Ֆինանսական մոնիթորինգի հարցերով Ռուսաստանի դաշնային ծառայության փոխտնօրեն Պավել Լիվադնին «Известия» թերթին պարզաբանել է, որ սխալ է եզրակացության հանգել, որ այս հրահանգը պայմանավորված է միայն վերջին իրադարձություններով (Ուկրաինայի հարցում ՌԴ դիրքորոշման):