Մոսկվայում գնդակահարվել է «օրենքով գող» Ռուֆատ Նասիբովը, ով կասկածվում էր քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) սպանությանն առնչություն ունենալու մեջ: Այս մասին Росбалт-ին այսօր հայտնել են իրավապահ մարմինները:
Ռուֆատ Նասիբովը, որ հայտնի է Ռուֆո Գյանջանսկի մականունով, սպանվել է հունվարի 28-ին Օտրադնոյե շրջանում: Նրան գնդակահարել են փողոցում, ինչից հետո մարմինը տեղափոխել են մեքենայի բեռնախցիկ և տարել անհայտ ուղղությամբ:
Ըստ պարբերականի՝ ոստիկանությունը տեղեկացել է սպանության մասին սեփական աղբյուրներից:
Նասիբովի դին մինչ այժմ չի հայտնաբերվել:
Սպանված «օրենքով գողը» քրեական հեղինակություն Ռովշան Ջանիևի շրջապատից էր, ով համարվում է Ուսոյանի սպանության կազմակերպիչներից մեկը: Պարբերականի զրուցակիցները պատմել են, որ Ռուֆատ Նասիբովը պատասխանատու էր ուժային օպերացիաների համար, մասնավորապես՝ ոչնչացնում էր Ջանիևի մրցակիցներին:
Հիշեցնենք, որ Մոսկվայի կենտրոնում հունվարի 16-ին սպանվել էր օրենքով գող Ասլան Ուսոյանը՝ հայտնի Դեդ Հասանը: Դեպքը տեղի էր ունեցել ժամը 14.30-ին՝ «Կարետնի դվոր» ռեստորանից դուրս գալիս: