Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը կիրակի օրն իր նստավայրում ընդունել է հայ համայնքի ներկայացուցիչներին և լսել նրանց կշտամբանքներն այն պատճառով, որ հրեական պետությունը չի ցանկանում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
Ինչպես հաղորդել են նախագահի մամուլի ծառայությունից, Ռիվլինն օգտագործել է «հայերի զանգվածային սպանություն» կամ «հայոց ողբերգություն» արտահայտությունները և ասել, որ Իսրայելի իշխանությունները չեն ձգտում կատարվածի մեղքը բարդել «որևէ կոնկրետ երկրի վրա»:
«Հոլոքոստի սարսափներից հետո հայ ժողովրդի ողբերգությունը հարգելը մեր հրեական պարտականությունն է՝ մարդկային և բարոյական: Ես հպարտ եմ ընդունելու ձեզ այստեղ՝ նախագահի նստավայրում, այդ օրը ձեզ հետ հիշատակելու համար»,- ասել է Ռիվլինը հայ համայնքի ներկայացուցիչներին:
Երուսաղեմում հայոց պատրիարքարանի ներկայացուցիչ՝ հանդիպման մասնակից արքեպիսկոպոս Արիս Շիրվանյանն իր «հիասթափությունն է հայտնել այն կապակցությամբ, որ Իսրայելի նախագահը «հայերի սպանությունը չի անվանում ցեղասպանություն»: