Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի հունվարի 28-ի ելույթը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում լուրջ բանավեճի նյութ է դարձել: Այս թեմային է անդրադարձել «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանն իր նոր խմբագրականում: «Արմենպրես»-ը ներկայացնում է այն ամբողջությամբ:

 

 

Ռիվլինը, որպես Կնեսետի (խորհրդարանի) նախագահ և անդամ, երկար տարիներ պայքարել է, որպեսզի Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Սակայն նախագահ դառնալուց հետո, ինչպես ԱՄՆ նախագահ Օբաման, Ռիվլինը ևս չկամեցավ վերահաստատել իր սկզբունքային դիրքորոշումն այս հարցում:

 

 

Անցյալ ամիս նախագահ Ռիվլինը հզոր ելույթ ունեցավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում՝ Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա արարողության ժամանակ: Ցավոք, Իսրայելի նախագահը երկու կոպիտ սխալ թույլ տվեց: Նա Հայոց ցեղասպանությունն անվանեց ջարդ, և այդ մեկնաբանությունը հավասարակշռելու համար անդրադարձավ Արցախյան պատերազմի ժամանակ Խոջալու գյուղում տեղի ունեցած ադրբեջանցիների սպանություններին:

 

 

Ահա մի հատված ՄԱԿ-ում Ռիվլինի ունեցած ելույթից. «Երբ 1915 թվականին կոտորում էին հայ ժողովրդի զավակներին, Ավշալոմ Ֆեյնբերգը՝ Առաջին աշխարհամարտում դաշնակիցների հետ գործակցող «Նիլի» հրեական լրտեսական ցանցի ղեկավար անդամներից մեկը, գրել էր, մեջբերում եմ. «Ես ցասումից ատամներս կրճտացնելով մտածում էի, թե ո՞վ է լինելու հաջորդը:

 

Երուսաղեմի ճանապարհին, երբ քայլում էի օրհնված և սուրբ հողի վրայով, ինքս ինձ հարց տվեցի, թե ինչպիսի ժամանակներում ենք ապրում, արդյոք այժմ 1915 թվակա՞նն է, թե՞ Տիտոսի կամ Նաբուգոդոնոսորի դարաշրջանը: Արդյոք մոռացե՞լ եմ, որ հրեա եմ: Ես նաև հարցրեցի ինքս ինձ՝ արդյոք իրավո՞ւնք ունեմ լացելու միայն իմ ժողովրդի ողբերգության վրա, մի՞թե Երեմիա մարգարեն արյունոտ արցունքներ չէր թափել նաև հայերի համար»:

 

Ավշալոմ Ֆեյնբերգը սա գրել է ուղիղ 100 տարի առաջ: Վարանման և ժխտման 100 տարի: Այն տարիների Իսրայելում, Երուսաղեմում, որտեղ ես ծնվել եմ, ոչ ոք չէր համարձակվում հերքել տեղի ունեցած ջարդը: Երուսաղեմի բնակիչները, իմ ծնողները և ընտանիքի անդամները տեսել են այդ աղետը վերապրած սովալլուկ ու թշվառ հազարավոր հայ փախստականներին: Նրանք Երուսաղեմում ապաստան գտան, և մինչ օրս նրանց ժառանգները շարունակում են այնտեղ ապրել»:

 

 

Իսրայելի Բաց համալսարանի պրոֆեսոր, ականավոր մտավորական Յաիր Աուրոնը, զայրացած է իր նախագահի բառերի ընտրության վրա՝ չնայած նրա հետ ունեցած անձնական մտերմությանը: Աուրոնը եղել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վաղեմի ջատագով և դրա վերաբերյալ մի քանի գրքերի հեղինակ: Այժմ նա դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում:

 

 

Հունվարի 31-ին, երբ ես դասախոսություն էի կարդում Հայոց ցեղասպանության վերաբերյալ Երևանում նորաբաց Կոմիտասի թանգարանում, պրոֆեսոր Աուրոնը մոտեցավ ինձ և հարցրեց, թե արդյոք կարո՞ղ է դիմել լսարանին: Թույլտվություն ստանալուց հետո, նա կարդաց իր անձնական հայտարարությունը, որ վերնագրել էր. «Ներողություն եմ խնդրում իմ հայ եղբայրներից» .

 

 

«Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը հանդես եկավ ուշագրավ ելույթով, շատ հուզիչ նախադասություններով՝ անկեղծորեն և խորապես ներկայացնելով հայ ժողովրդի տառապանքները: Սակայն, նա միտումնավոր կերպով չօգտագործեց Հայոց ցեղասպանությունը եզրը՝ ոչ եբրայերեն, ոչ անգլերեն»: Պրոֆեսոր Աուրոնը շարունակեց՝ բացահայտելով, որ նախագահ Ռիվլինն անձամբ է ասել իրեն, որ «չի փոխել իր կարծիքը, սակայն չի կարող այն [ցեղասպանություն] հայտարարել որպես Իսրայելի նախագահ: Սա ես կարող եմ հասկանալ:

 

Սակայն, ելույթի վերջին րոպեին, ինչ-որ մեկը, հավանաբար Իսրայելի ար տգործնախարարությունից, գուցե նույնիսկ Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը նրան թելադրեց, որ ներառի հետևյալ սարսափելի նախադասությունը. «Արդյոք մեր պայքարը՝ այս Ասամբլեայի պայքարը ցեղասպանության դեմ բավարար չափով արդյունավե՞տ էր: Արդյոք այն արդյունավե՞տ էր Բոսնիայում: Արդյոք արդյունավե՞տ էր Խոջալուի սպանությունները կանխելու համար»:

 

 

Պրոֆեսոր Աուրոնը շարունակեց իր քննադատական ելույթը. «Պարոն Նախագահ, Դուք Խոջալուի անունը կիրառեցիք ցեղասպանության համատեքստում: Դուք շատ լավ գիտեք ցեղասպանության և ջարդերի տարբերությունը.... Ո՞վ առաջարկեց Ձեզ, պարոն Նախագահ, ո՞վ խնդրեց, որ անեք այս սարսափելի սխալը: Դուք չօգտագործեցիք ցեղասպանություն եզրը Հայոց ցեղասպանության մասին հիշատակելիս:

 

Ցեղասպանության եզրի կիրառումը Լեռնային Ղարաբաղի մի գյուղի վերաբերյալ համատեքստում՝ անընդունելի է.... Դուք չեք համարձակվում ցեղասպանություն եզրն օգտագործել Հայոց ցեղասպանության առնչությամբ, իսկ այս գյուղի արյունահեղությունը, որի անունը, վստահ եմ, չգիտեիք Ձեր ելույթից մի քանի րոպե առաջ, բնորոշում եք որպես ցեղասպանություն: Դա սրբապղծություն է, և դրանով Դուք դավաճանում եք Հոլոքոստի և նրա զոհերի հիշատակը»:

 

 

Առաքինի պրոֆեսորն իր սրտի խոսքն ավարտեց՝ խոստանալով. «Իմ հայ եղբայրներ, թույլ տվեք իմ և իսրայելցի բազմաթիվ հրեաների անունից ներողություն խնդրել ձեզանից: Մենք ձեզ հետ ենք: Մենք չենք դադարեցնի մեր պայքարը մինչև Իսրայելը չճանաչի Հայոց ցեղասպանությունը»:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի