Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց Իսրայելը և մասնավորապես հրեա ժողովուրդը բարոյական պարտավորություն ունեն ճանաչելու հայերի ցեղասպանությունը: «Հոլոքստի ժամանակ մեկ երրորդին կորցրած ժողովուրդը չի կարող ժխտել մեկ այլ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը, որը կորցրել է իր բնակչության երկու երրորդին»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով i24news հեռուստաընկերության կայքը, այս մասին իր հոդվածում նշում է Իսրայելի Բար-Իլանի համալսարանի Միջին Արևելքի հարցերով մասնագետ և ավագ գիտաշխատող Էդի Քոհենը:

 

«ԱՄՆ 44 կոնգրեսականներ վերջերս բանաձև ներկայացրեցին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ' կոչ անելով Օբամայի վարչակազմին հայկական հոլոքստը ճանաչել որպես ցեղասպանություն: Դեռևս հայտնի չէ, թե բանաձևը երբ է քվերակության դրվելու, սակայն, թվում է, թե Միացյալ Նահանգները շուտով միանալու է 20-րդ դարի ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած երկրներին»,- գրում է հեղինակը' հավելելով, որ Իսրայելը երբեք պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իսկ այդ երկրի արտգործնախարարությունն իր քաղաքականությունը վարել է թուրքերին «չվշտացնելու&raq uo; մտայնությամբ: Չնայած Հայոց ցեղասպանության հարցի կարևորությանը և հրեաների պատմության վրա ունեցած ազդեցությանը' շատ իսրայելցիներ անգամ տեղյակ չեն դրանից, քանզի լրատվամիջոցները միտումնավոր hետ են պահել հրեա հասարակությանը հայերի ողբերգության մասին իմանալու իրավունքից:

 

Գիտնականի գնահատմամբ' Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված բոլոր փորձերը մեծամասամբ ձախողվել են Թուրքիայի արձագանքի վերաբերյալ Իսրայելի մտահոգությունների պատճառով: Հեղինակը սխալ է համարում այն, որ Իսրայելի արտգործնախարարը շարունակում է անտեսել Հայոց ցեղասպանության հարցը, այն դեպքում, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ակներևորեն հակաիսրայելական և հակասեմական գիծ է առաջ տանում:

 

Էդի Քոհենի կարծիքով' Հայոց ցեղասպանության ճանաչման բարոյական և պատմական հիմնավորում կա և այն պետք է դասավանդվի դպրոցներում: Նա նաև հայտնում է, որ Facebook սոցիալական ցանցում իր կողմից բացված «Ճանաչել հայերի Ցեղասպանությունը» էջում, ինքը կոչ է անում Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինին և վարչապետ Բենյամին Նեթանյահուին անհապաղ քայլեր ձեռնարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ուղղությամբ: