ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի հանդիպման ընթացքում Հայաստանի համար գազի սակագնի զեղչի պայմանավորվածություն է ձեռք բերվել: «Եվրասիական տնտեսական միություն Հայաստանի մուտքով պայմանավորված' գազի սակագինը Հայաստանի համար կիջեցվի և կկազմի 165 դոլար 1000 խմ-ի դիմաց: Նման սակագնի սահմանումը թույլ կտա նաև ներդրումներ կատարել գազամատակարարման համակարգի մոդերնիզացման աշխատանքներում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' հայտարարել է Միլլերը' այցի արդյունքներն ամփոփելով «Ռոսսիա 24» հեռուստաընկերության եթերում:

 

Նա տեղեկացրել է նաև, որ հայկական կողմի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն' մշակելու գազամատակարարման և գազիֆիկացման աշխատանքների սխեմա, որն ամբողջովին պատրաստ կլինի մինչև աշուն: Ըստ այդ սխեմայի' առաջնահերթ նպատակ է դրված Հայաստանի գազիֆիկացումը հասցնել 100 տոկոսի:

 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին ընդունել է ապրիլի 16-ին: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանի տնտեսության առաջատար ընկերություններից մեկի՝ «Գազպրոմ Արմենիա»-ի միջոցով մեր երկրում «Գազպրոմ» ընկերության կողմից իրականացվող գործունեությունը, որն ուղղակիորեն անդրադառնում է նաև տնտեսության այլ ճյուղերի զարգացման վրա:

 

Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի սակագինը ներկայում 189 դոլար է' 1000 խմ-ի դիմաց: