Ռուսաստանն ամեն եռամսյակը մեկ վերանայելու է Ուկրաինային մատակարարվող գազի գինը. տեղեկացնում է Зеркало недели պարբերականը' հղում կատարելով ուկրաինական պատվիրակության իր աղբյուրներն, որոնք մասնակցել էին Մոսկվայի և Կիևի միջև պայմանագրի պայմանների վերանայման բանակցություններին:
Ուկրաինային մատակարարվող կապույտ վառելիքի նոր գնի մասին հայտնի էր դարձել դեկտեմբերի 17-ին նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վիկտոր Յանուկովիչի հանդիպման ավարտից հետո: Ինչպես հայտարարել էր ռուս նախագահը, Կիևն այսուհետ Ռուսաստանից վառելիք է ստանալու հազար խորանարդ մետրի դիմաց վճարելով 268,5 դոլար այն դեպքում, երբ նախքան այդ վճարում էր 400 դոլար:
Նոր գինը սահմանվել է' ի համալրում 2009-ին կնքված համաձայնագրի, որի պայմանների վերանայմանն էր ձգտում Կիևը Յանուկովիչի' իշխանության գալուց հետո: Թե ինչ ժամկետներով է գործելու նոր սակագինը, չի հստակեցվում:
Պուտինը նշել է, որ գազի գնի իջեցումը ժամանակավոր բնույթ է կրում: