Հետևելով Ավստրիայի խորհրդարանի կողմից ապրիլի 22-ին ընդունված համատեղ հայտարարությանը՝ Վիեննա քաղաքի համայնքային խորհուրդը, որի անդամները միաժամանակ հանդիսանում են նաև Վիեննայի երկրամասային խորհրդարանի պատգամավորներ, ապրիլի 24-ին նույնաբովանդակ որոշում է ընդունել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման մասին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, որոշման մեջ, մասնավորապես, ասված է.
«Վիեննայի համայնքային խորհրդի անդամներ Ռուդոլֆ Շիկերը, Նիկոլ Բերգեր-Կրոչը (Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն), Ֆրից Այխինգերը և Վոլֆգանգ Ուլմը (Ավստրիայի ժողովրդական կուսակցություն), Դավիդ Էլլենզոնը, Կլաուս Վեռներ-Լոբոն (Կանաչների կուսակցություն) Վիեննա քաղաքի Համայնքային խորհրդի 2015թ. ապրիլի 24-ի օրակարգային 6-րդ կետի առնչությամբ, որը վերաբերում է Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ գործված Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակին, հղում կատարելով Ավստրիայի Ազգային խորհրդում ներկայացված բոլոր կուսակցությունների նախագահների կողմից ընդունված Համատեղ հայտարարության վրա՝ հանդես են գալիս հետևյալ հայտարարությամբ:
Վերոնշյալ համայնքային խորհրդի անդամներն այս կապակցությամբ, համաձայն Վիեննա քաղաքի Համայնքային խորհրդի կանոնակարգի 27-րդ պարբերության 4-րդ կետի, կայացնում են հետևյալ որոշումը.
Ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան կայսրության կողմից 1.5 միլիոն հայերի դեմ իրագործված Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Այս կապակցությամբ մենք հարգում ենք բռնության, սպանդի և տեղահանության ենթարկվածների հիշատակը, ինչպես նաև Օսմանյան կայսրության հպատակ տասնյակ հազարավոր այլ քրիստոնեական ժողովուրդների խմբերին, այդ թվում՝ արամեացիներին, ասորիներին, քաղդեացիներին և Պոնտոսի հույներին:
Ելնելով պատմական պատասխանատվությունից' Ավստրո-հունգարական միապետությունը առաջին աշխարհամարտում դաշնակցում էր Օսմանյան կայսրության հետ: Մեր պարտականությունն է այս սարսափելի իրադարձությունները որպես Ցեղասպանություն ճանաչել և դատապարտել: Նույնպես և Թուրքիայի պարտականությունն է անկեղծորեն առերեսվել իր անցյալի մութ ու ցավալի դրվագի հետ և Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրագործված հանցագործությունը որպես ցեղասպանություն ճանաչել:
Այնպիսի ժամանակաշրջանում, երբ միջազգային ճգնաժամային օջախները գնալով ավելի ու ավելի ուժգնացող սպառնալիք են ներկայացնում ազատ աշխարհին և նրա արժեքներին, հարկավոր է վճռականորեն հանդես գալ' ընդդեմ ողջ աշխարհում մարդկության դեմ իրագործվող բռնարարքների ու հալածանքների: 100 տարի առաջ հայերի դեմ իրագործված հանցագործությունը, որը Ֆրանցիսկոս Պապի կողմից որակվեց որպես «20-րդ դարի առաջին ցեղասպանություն», հստակորեն ի ցույց է դնում հիշողության մշակույթի անհրաժեշտությունը: Քանի որ ազատության, խաղաղության և մարդու իրավունքների հանդեպ մեր անբեկանելի արժեքների գիտակցությունը անբաժանելիորեն շաղկապված է բռնության, հալածանքների, տեղահանությունների և զանգվածային սպանդի զոհերի հիշատակին ըստ արժանվույն հարգանքի տուրք մատուցելու հետ:
Վիեննայի Համայնքային խորհրդում ներկայացված կուսակցությունները պատրաստակամ են իրենց ընձեռված հնարավորությունների սահմաններում հետևողականորեն շարունակելու միջազգային հակամարտությունների կարգավորմանն առնչվող երկխոսությանն ու հաշտեցմանն ուղղված և ապացուցված ավստրիական ուղին: Դա վերաբերում է նաև պատմական իրադարձություններին, որոնք սեպ են խրում ազգերի և պետությունների միջև, ինչպիսին Թուրքիայի և Հայաստանի պարագան է: Ինչ վերաբերում է Թուրքիային, վերջինս պետք է թափանցիկ վերամշակման նպատակով լույս սփռի իր անցյալի մութ անցքերի վրա:
Հաշտեցման գործին նպաստելու նպատակով՝ սույնով մտադրություն է արտահայտվում ակտիվորեն սատարելու Թուրքիայի և Հայաստանի կողմից պատմական իրադարձությունների առերեսմանը և վերամշակմանը՝ որպես հաշտեցման առաջին քայլ' ի նպաստ թուրք-հայկական հարաբերությունների և շատ ուշացած բարելավմանը ինչպես երկկողմ, այնպես էլ եվրոպական հարթակում:
2015թ. ապրիլի 15-ին Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված Թուրքիայի և Հայաստանի հաշտեցման վերաբերյալ բանաձևը (European Parliament resolution of 15 April 2015 on the centenary of the Armenian Genocide (2015/2590(RSP)), չվնասելով միջազգային իրավունքի պաշտոնական գնահատականը, ողջունվում է Վիեննայի Համայնքային խորհրդում ներկայացված կուսակցությունների կողմից»: