Նեպալում փրկարար գործողություններին ավելի քան 120 հազար մարդ է մասնակցում այստեղ տեղի ունեցած երկրաշարժից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Արտակարգ իրավիճակների ազգային կենտրոնը: «Փրկարարներից ավելի քան 65 հազարը զինվորականներ են և 41 հազարը՝ ոստիկան»,- նշվում է Twitter-ում կենտրոնի պաշտոնական էջում:
Գործողություններին մասնակցում են նաև 4 հազար օտարերկրյա փրկարարներ: Ավելի վաղ Նեպալի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Սինգհ Բանը ՏԱՍՍ-ին պատմել է, որ փրկարարական գործողությունները կարող են շարունակվել ևս շուրջ երեք շաբաթ:
7,9 մագնիտուդով երկրաշարժը ապրիլի 25-ին տեղի է ունեցել Նեպալի արևմտյան տարածաշրջանում՝ մայրաքաղաք Կատմանդուից 84 կիլոմետր հեռավորության վրա: Երկրաշարժի օջախը եղել է 15 կիլոմետր խորության վրա: Հիմնական երկրաշարժից հետո գրանցվել են 3,2-ից մինչև 6,9 մագնիտուդով շուրջ 90 հետցնցումներ:
Ըստ վերջին տվյալների՝ տարերային աղետից զոհվածների թիվը գերազանցել է 7 հազարը, ևս ավելի քան 14,2 հազար մարդ վերքեր է ստացել: Նեպալի պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն՝ ավերվել է 140 հազար բնակելի շենք, վնասվել է ևս ավելի քան 140 հազար շինություն: