«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը մայիսի 4-ին հանդիպել է նախկին ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի և նրա ընտանիքի անդամների հետ, ովքեր եկել էին իրենց շնորհակալությունը հայտնելու Նաիրա Զոհրաբյանին՝ Հակոբի գերության ողջ ընթացքում որպես ԵԽԽՎ պատգամավոր՝ միջազգային տարբեր կառույցներում հարցը մշտապես բարձրացնելու և Հակոբի վերադարձը կա՛մ երրորդ երկիր, կա՛մ Հայաստան ապահովելու համար:
Հակոբ Ինջիղուլյանն ու զինվորի ընտանիքը բարձր են գնահատել Հակոբի՝ հայրենիք վերադառնալու գործում Նաիրա Զոհրաբյանի կատարած աշխատանքը միջազգային կառույցներում: Տիկին Զոհրաբյանը հավաստիացրել է, որ դա իր պարտքն է ոչ միայն որպես միջազգային կառույցներում աշխատող պատգամավոր, այլ որպես ՀՀ քաղաքացի, որպեսզի գերության մեջ հայտնված հայ զինվորն անվնաս վերադառնա հայրենիք, ինչը, ցավոք, չհաջողվեց անել որոշ այլ գերիների դեպքում:
Հակոբ Ինջիղուլյանը տեղեկացրել նաև, որ սովորում է Հայաստանի ամերիկյան համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի նախապատրաստական բաժնում, ինչը ԲՀԿ նախագահը համարել է անչափ կարևոր։