Նախկին պատգամավոր, գործարար, ԲՀԿ-ական Գոհար Ենոքյանի խափանման միջոցը փոխելու պահանջով ստորագրահավաքին մասնակցել է ՀՀ ԱԺ 37 պատգամավոր: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը լրագրողներին հայտնեց, որ ստորագրահավաքի ձևաթուղթն ու Գոհար Ենոքյանի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկանքն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն:
Նաիրա Զոհրաբյանն ավելի վաղ հայտնել էր, որ Գոհար Ենոքյանը ունի առողջական խնդիրներ և անհրաժեշտ է խափանման միջոցը փոխել:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված կարգով նախաքննությունը շարունակելու համար ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկված քրեական գործով 2015 թվականի մայիսի 4-ին սպանության նախապատրաստություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Գոհարիկ Ենոքյանը: Նախաքննությունը շարունակվում է: