2015 թվականի ապրիլի 22-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ «Օրթոպեդիայի և վնասվածքաբանության» գիտական կենտրոնի աշխատակիցը հաղորդում էր տվել այն մասին, որ 2014 թվականի մարտի 21-ին' ժամը 12:00-ի սահմաններում, հիշյալ գիտական կենտրոնի բակային հատվածում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը վիճաբանել են գիտական կենտրոնի բժշկի հետ, որի ընթացքում ուղևորը ձեռքով հարվածել է նրան, իսկ վարորդը գազային ատրճանակով կրակել է բժշկի դեմքին:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով վարույթը հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ կարճվել էր, իսկ որոշման օրինականությունը' ստուգվել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի կողմից:
Հետագայում քրեական գործով կայացված որոշումը վերացվել է և գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով' քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Հիշեցնենք, որ քրեական գործի օբյեկտիվ նախաքննության ընթացքում Արման Ս.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով այն բանի համար, որ նա և եղբայրը «Օրթոպեդիայի և վնասվածքաբանության» գիտական կենտրոնի բակային հատվածում վիճաբանել են գիտական կենտրոնի բժշկի հետ: Ծագած վիճաբանության ընթացքում Արման Ս.-ն և եղբայրը, տևական ժամանակ դիտավորությամբ խախտել են հասարակական կարգը և հասարակության նկատմամբ արտահայտելով բացահայտ անհարգալից վերաբերմունք' մի շարք կողմնակի քաղաքացիների ներկայությամբ բարձրաձայն հայհոյել են բժշկին, որը զուգորդվել է նրա նկատմամբ բռնություն գործադրելով, այն է՝ ձեռքերով հարվածներ են հասցրել նրան, իսկ Արման Ս.-ն էլ, իր հերթին, իր մոտ եղած զենքով՝ գազային ատրճանակով, կրակել է բժշկի դեմքին' պատճառելով այրվածքների տեսքով մարմնական վնասվածքներ: Արման Ս.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:
Հիշյալ քրեական գործի նյութերով 2015 թվականի ապրիլի 30-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է նոր քրեական գործ' վարույթն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստի առթիվ:
Նոր հարուցված քրեական գործի շրջանակներում 2015 թվականի մայիսի 5-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետը, ով հիշյալ խուլիգանության փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության կատարման ժամանակաշրջանում զբաղեցրել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կենտրոնականի քննչական բաժնի պետի տեղակալի պաշտոնը, պաշտոնեական դիրքը չարաշահելու կասկածանքով ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է: