Հայոց ցեղասպանությունից հետո հայ որբերին ապաստան տված, Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող «Արմեն ճամբար» ամառային որբանոցը վերջնական ավերումից փրկելու համար պայքարը շարունակվում է:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը, այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ հատուկ մեքենաները մտել են ճամբար և սկսել են քանդել շենքը, Թուրքիայում գործունեություն ծավալող մի շարք կազմակերպություններ և պարզապես անհատներ շտապել են այնտեղ' կասեցնելու որբանոցի շենքի կործանումը:
Շենքի վերջնական կործանման դեմ պայքարող հարթակներից մեկը՝ «Նոր Զարթոնքը», հայտարարություն է տարածել, որում նշվում է. «Բուլդոզերների և աշխատանքային մեքենաների դիմաց ենք, 1500-ից ավել հայ երեխաների քրտինքով կառուցված, ամեն մի քարը երեխաների փոքր, բայց դիմացկուն ձեռքերով դրված «Արմեն ճամբար»-ի առջև ենք: Այն շենքը, որը պատրաստվում են քանդել, 100-ից ավել աղքատ և որբ երեխաների ձեռքերով կառուցված, նրանց համար «տուն» դարձած որբանոցն է: Մի որբանոց, որն ստեղծվել է Ցեղասպանությունից հետո այս աշխարհագրական տարածքում ծնված և մեծացած երեխաների ջանքերով, ում ընտանիքները վերապրել են Ցեղասպանությունը, ում համար այս որբանոցը դարձել է նոր կյանք և հույս: Թուզլայի հայկական որբանոցն անտեր չէ: Հրանտի հիշատակը բոլորիս է պատկանում»:
Ներկայումս որբանոցի շենքի քանդումը մասամբ դադարեցված է: Շինության վրա տարբեր պաստառներ են փակցված և գրություններ են արված: «Արմեն ճամբարի» տարածքում կա նաև մարդկային հերթապահություն: